Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ փոփոխություններ են նախատեսվում Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Հաշտարարության մասին» օրենքում:
Թեմայի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է հաշտարար, փաստաբան Մարիամ Մկրտիչյանի հետ, ով իր կարծիքն է հայտնել նախատեսվող փոփոխությունների մասին:
-Տիկին Մկրտիչյան, դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվում է որոշակի իրավահարաբերությունների վերաբերյալ, ինչպես օրինակ՝ ընտանեկան, աշխատանքային, բանկային և այլն, վեճերով պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանումը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ արդյունք կտա այդ փոփոխությունը։ Արդյո՞ք այն կարող է գործուն մեխանիզմ լինել։
-«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ներմուծել պարտադիր հաշտարարությունը ընտանեկան գործերով (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով)։ Սա նշանակում է, որ նշված գործերով մինչև դատարան դիմելը վեճի կողմերը պետք է փորձեն իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել հաշտարարության միջոցով՝ անկողմնակալ և չեզոք անձի՝ հաշտարարի օժանդակությամբ։
Քանի որ Հայաստանում շատ քչերն են տեղյակ, թե ինչ է հաշտարարությունը (մեդիացիան), տեղեկացված չեն այս գործընթացի առավելությունների մասին, ինչպես օրինակ դրա գաղտնիությունն է, արագությունը, գործընթացի նկատմամբ կողմերի վերահսկողությունը, նրանք խուսափում են հաշտարարին դիմելուց։ Շատերը նաև շփոթում են արտոնագրված հաշտարարներին ֆինանսական համակարգի հաշտարարի հետ, սակայն դրանք վեճերի լուծման տարբեր մեխանիզմներ են. ի տարբերություն ֆինանսական համակարգի հաշտարարի՝ արտոնագրված հաշտարարները կողմերի փոխարեն և նրանց համար պարտադիր որոշում չեն կայացնում, այլ օգնում են, որպեսզի վեճի մասնակիցներն ինքնուրույն հասնեն փոխադարձորեն ընդունելի լուծման։
Օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում օրենքում նշված վեճի կողմերը պարտավոր են լինելու դիմել հաշտարարության, ինչի արդյունքում, կարծում եմ, շատ վեճեր կլուծվեն այս փուլում և չեն հասնի դատարան։ Արդյունքում դատական համակարգը չի ծանրաբեռնվի այնպիսի գործերով, որոնցով մեծ է հաշտություն կնքելու հավանականությունը: Դրական արդյունք արձանագրելու պարագայում հնարավոր է այլ տեսակի գործերի համար ևս սահմանվի պարտադիր հաշտարարության պահանջ։ Սակայն դա արդեն պարզ կդառնա գործնական կիրառության արդյունքում։
–Ռազմավարությամբ նախատեսվում է քայլեր ձեռնարկել հաշտարարության իրականացման ժամանակակից գործիքների ներդրման ուղղությամբ, օրինակ՝ առցանց կամ հեռախոսային հաշտարարություն, դրանց միջոցով սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար: Նշվում է, որ նման հարթակի միջոցով վեճերի լուծումը կարող է իրականացվել սեղմ ժամկետում՝ սպառողի համար նվազ ծախսատարությամբ կամ նույնիսկ անվճար՝ հանրային ծառայություններ մատուցող անձի միջոցներով: Ի՞նչ խնդիրներ, ռիսկեր եք այստեղ տեսնում։ Կարո՞ղ է սա որպես դատարանների բեռնաթափման գործիք հանդիսանալ։
-Հաշվի առնելով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, կորոնավիրուսային վարակի տարածման կանխման նպատակով կիրառվող սահմանափակումները՝ ողջունելի է առցանց եղանակով հաշտարարություն իրականացնելու հնարավորության ամրագրումը օրենքի նախագծում։ Սա նաև կարող է արդյունավետ միջոց լինել, եթե վեճի կողմերը գտնվում են տարբեր մարզերում կամ երկրներում։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ անգամ առցանց հաշտարարության դեպքում շատ կարևոր է պահպանել հաշտարարության սկզբունքները և ընթացակարգային երաշխիքները։ Մասնավորապես, կարող եմ նշել տվյալների անվտանգ փոխանակման, գաղտնիության և մատչելիության սկզբունքների ապահովման կարևորությունը։ Եթե նշված երաշխիքները հնարավոր չէ ապահովել կամ վեճի կողմերից որևէ մեկը չունի համապատասխան տեխնիկական միջոցներ, կարծում եմ՝ առցանց եղանակով հաշտարարության իրականացումը պետք է բացառվի։
Ինչ վերաբերում է սպառողների և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև վեճերի լուծումն իրականացնելու համար առցանց կամ հեռախոսային հաշտարարության կիրառմանը, օրենքի նախագծի վերջին լրամշակված տարբերակից հանվել են այդ կարգավորումները։ Ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության արդյունավետության դեպքում ենթադրում եմ՝ հնարավոր է, որ հետագայում օրենքում նման դրույթներ նախատեսվեն։
–Հաշտարարի գործունեության և ընդհանուր առմամբ այս ոլորտում ի՞նչ բացեր կան, որոնք կարգավորման անհրաժեշտություն ունեն, բայց ռազմավարության մեջ ընդգրկված չեն։
-Հաշտարարության ոլորտում առկա խնդիրները ոչ այնքան ոլորտի քիչ կարգավորված լինելու, այլ գործնական կիրառության կամ դրա բացակայության և ոլորտի անուշադրության մատնվելու արդյունք են հանդիսանում։ Սա այն ոլորտներից է, որը նվազագույն կարգավորում ու միջամտություն է պահանջում, իսկ գերկարգավորումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Սակայն գործնականում կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են հաշտարարության զարգացմանը։
2015 թվականից ի վեր չի իրականացվել հաշտարարների որակավորում։ Հավանաբար այս տարի Արդարադատության նախարարության կողմից նոր հաշտարարների ուսուցում և որակավորում կկազմակերպվի, ինչի արդյունքում կհամալրվեն արտոնագրված հաշտարարների շարքերը։ Այժմ աշխատանքներ են տարվում հաշտարարների ուսուցման և որակավորման նոր կարգերի մշակման ուղղությամբ։ Դրանց մեջ հիմնական շեշտը դրվելու է ապագա հաշտարարների մոտ գործնական հմտություններ զարգացնելու և դրանց առկայության պարագայում միայն որակավորում շնորհելու վրա, ինչի արդյունքում կունենանք ավելի հմուտ հաշտարարներ։
Բացի այդ, կարծում եմ՝ շարունակական աշխատանքներ պետք է տարվեն փաստաբանների, դատավորների հետ՝ հաշտարարության մասին տեղեկացվածությունը, ինչպես նաև հաշտարարության հանդեպ վստահությունը բարձրացնելու համար։ Այս ինստիտուտի կայացման նախապայմաններից է հանդիսանում նշված մասնագետների աջակցությունն ու ներգրավվածությունը գործերը հաշտարարությանը ուղորդելու հարցում։
–Թեպետ օրենքը դեռևս չի ներկայացվել, չի ընդունվել, արդյո՞ք բավարար եք գնահատում ոլորտում կատարվող փոփոխությունները։
-Այս տարի բավականաչափ աշխատանքներ են իրականացվել հաշտարարության վերաբերյալ օրենսդրությունը բարելավելու ուղությամբ, ինչպես նաև կազմակերպվել են քննարկումներ տարբեր շահագրգիռ մասնագետների մասնակցությամբ, ինչի արդյունքում համապատասխան շտկումներ են կատարվել օրենքի նախագծում։ Ես ինքս, որպես Եվրոպայի խորհրդի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) փորձագետ, 2021 թվականին Արդարադատության նախարարությանն եմ ներկայացրել իմ դիտարկումներն ու առաջարկները, որոնց մեծ մասը ընդունվել է։ Հուսով եմ, որ փոփոխությունները չեն սահմանափակվի միայն օրենսդրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելով, և հաշտարարության կայացումը պետության շարունակական ուշադրության կենտրոնում կմնա։ Միայն նման պարագայում է հնարավոր հասնել դրական արդյունքի և ունենալ կայացած հաշտարարության ինստիտուտ։