Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը փետրվարի 3-ին ընդունել է «Flyօne Armenia» ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանին և նրա գործընկերներին, ովքեր փետրվարի 2-ին իրականացված առաջին չվերթով Երևանից ժամանել են Ստամբուլ: Այս մասին հայտնում է Պոլսի Հայոց պատրիարքարանը:
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Պոլսի հայոց պատրիարք Մաշալյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ թռիչքների վերսկսման կապակցությամբ՝ նշելով, որ այս քայլը ջերմորեն ողջունում են նաև համայնքի անդամները: Նա հույս է հայտնել, որ թռիչքների վերսկսումը դրական գործոն կդառնա երկու երկրների հարաբերությունների բնականոն ընթացքը խթանելու ճանապարհին: Պատրիարք Մաշալյանը համոզմունք է հայտնել, որ ուղիղ հաղորդակցման հնարավորություններն անգնահատելի են երկու ժողովուրդների ու երկրների փոխադարձ ճանաչման իմաստով:
«Flyօne Armenia» ավիաընկերության կառավարման խորհրդի նախագահ Արամ Անանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հայտնելով, որ ընկերությունը թռիչքներն իրականացնում է ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցում է գործի կարևորությունը: Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հայկական համայնքի անդամները կօգնեն իրենց ջանքերին ու մեծապես կօգտվեն ուղիղ թռիչքներից:
Ակնկալվում է, որ Անանյանը փետրվարի 3-ին կայցելի նաև Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց՝ հանդիպելու հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին, ով նաև գլխավորում է Թուրքիայի հայկական հիմնադրամների միությունը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն այցի ընթացքում Անանյանը կհանդիպի տեղի հայկական մամուլի ներկայացուցիչների հետ: