Հյուրանոցը պատասխանատվություն է կրում միայն կենվորի գույքի, այլ ոչ թե դրամական միջոցների պահպանության համար

Արդեն խոսել ենք այն մասին, թե ով է պատասխանատու պահատվության հանձնված գույքի կորստի համար:

Այժմ անդրադառնանք հյուրանոցներին` որպես կենվորների գույքի պահառուների և ներկայացնենք այս ոլորտի առանձնահատկությունները:

Հյուրանոցը, որպես պահառու, պատասխանատվություն է կրում կենվորի գույքի, բացառությամբ նրա դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Հյուրանոցի համաձայնությունը կենվորի հետ այս պատասխանատվությունը բացառելու մասին առոչինչ է:

Հյուրանոց մուտք եղած է համարվում հյուրանոցի աշխատակիցներին վստահված կամ հյուրանոցային համարում կամ դրա համար նախատեսված վայրում տեղադրված գույքը:

«Հյուրանոցը կենվորի դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ դրանք հյուրանոցի կողմից ի պահ են ընդունվել կամ կենվորի կողմից տեղադրվել են հյուրանոցի կողմից նրան տրամադրված անհատական պահատեղում` անկախ այդ պահատեղի (կենվորի համարում, թե հյուրանոցի մեկ այլ տարածքում) գտնվելու հանգամանքից»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Գոհար Կոստանյանի փոխանցմամբ` հյուրանոցն ազատվում է նման պահատեղի պարունակության պահպանվածության խախտման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց կենվորի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալն անհատական պահատեղին կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:

Իր գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը հայտնաբերած կենվորը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հյուրանոցի տնօրինությանը: Հակառակ դեպքում` հյուրանոցն ազատվում է գույքի պահպանության համար պատասխանատվությունից:

Կենվորի գույքի պահպանվածության համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու մասին հյուրանոցի հայտարարությունը վերջինիս չի ազատում պատասխանատվությունից:

Վերը նշված կանոնները համապատասխանաբար կիրառվում են մոթելներում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում, բաղնիքներում և այլ նմանատիպ կազմակերպություններում քաղաքացիների գույքի պահատվության նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել