Ղազախստանում անկարգությունների նոր ալիք դժվար թե հնարավոր լինի, կարծում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես չէի խոսի ինչ-որ ռևանշի վտանգի կամ նոր պոռթկման մասին։ Ես գրեթե վստահ եմ, որ դա անհնար է, քանի որ առաջին հերթին իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրորդ՝ այժմ մեծ աշխատանք է տարվում ամբողջ պատկերը, բոլոր մասնակիցներին պարզելու ուղղությամբ։ Համապատասխանաբար, միջոցներ կձեռնարկվեն Ղազախստանի Հանրապետության օրենքի շրջանակներում։ Եվ իհարկե, յուրաքանչյուրն իր համար հետևություններ է արել այս իրավիճակից՝ ոչ միայն ղազախ ժողովուրդը, այլև երկրի ղեկավարությունը»,- ասել է նա RT-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա: Մեկնաբանելով կազմակերպության խաղաղապահների մուտքը Ղազախստան՝ նա նշել է, որ այդ իրադարձությունները դաս են դարձել։
«Քիչ անց մենք հանգիստ մթնոլորտում կվերլուծենք այս ամբողջ գործընթացը, որոշակի եզրակացություններ կանենք մեզ համար և, եթե պետք է, ինչ-որ շտկումներ կանենք։ Այլ հարց է, որ մեր գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Քանի որ այն համակարգը, այն մեխանիզմները, որոնք մենք ստեղծել ենք ՀԱՊԿ-ում, հիմա իսկապես աշխատել են, և վատ չեն աշխատել», – նշել է նա։