Հակակոռուպցիոն ռազմավարական 3 ուղղություններն ու վարչական կոռուպցիայի հաղթահարման մեխանիզմները

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությունները 3-ն են` կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը: Դրանք այն ելակետային ու հիմնարար ուղղություններն են, որոնք վճռորոշ պետք է լինեն 2019-2022թթ. ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար:

Ռազմավարության մեջ նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողելու տեսանկյունից կարևորվում է կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված օրենսդրական դաշտի վերանայումը, արդի մարտահրավերներին և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանն ուղղված արդյունավետ կառուցակարգերի ներդրումը, դրանց գործնականում ապահովումը:

Այս առումով, Ռազմավարությունը կոռուպցիայի կանխարգելումն իրականացնում է հետևյալ  ենթաուղղություններով.

  • Վարչական կոռուպցիայի հաղթահարում,
  • Հանրային կառավարման համակարգում բարեվարքության ամրապնդում,
  • Հայտարարագրում,
  • Հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատում և մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացում։

Ամրագրված է նաև, որ միտում ունենալով հնարավորին հաղթահարել վարչական կոռուպցիան՝ առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերը կառավարել հանրային կառավարման համակարգը կազմող մարմիններում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համապարփակ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության և վերհանման միջոցով: Այս տեսանկյունից կարևորվում է ինքնագնահատման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մարմնի կողմից  ներքին հակակոռուպցիոն և բարեվարքության միջոցառումների ծրագրի մշակումը, որի կատարման վերաբերյալ ՀՀ վարչապետին և հանրությանը պարբերական կներկայացվի հաշվետվություն: Վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց  վարձատրության համակարգի բարեփոխումը:

Միաժամանակ, ՀՀ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման (ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրը) 3-6-րդ հավելվածներով նախատեսված՝ պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման,  առողջապահության և կրթության ոլորտների այն միջոցառումները, որոնք սահմանված  ժամկետում չեն կատարվել,  որպես առաջնահերթություն նախատեսվում են տվյալ մարմինների միջոցառումների ծրագրերում:

Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կառուցակարգեր, որոնք ինքնաբերաբար ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանը, այդ թվում՝ քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակման միջոցով: Վերոգրյալի համատեքստում նախատեսվում է էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների, համակարգերի մշակում և ներդրում, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում, ինչը կնպաստի պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության և ավտոմատացման ապահովմանը (էլեկտրոնային գործիքները, կներառեն նաև հակակոռուպցիոն նշանակություն ունեցող այնպիսի  կարևոր համակարգերի ներդրում, ինչպիսիք են Տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակը, Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը և այլն):

Էականորեն կարևորվում է նաև ազդարարման համակարգի շարունակական կատարելագործումն ու զարգացումը միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: Այս իմաստով ակներև է, որ անհրաժեշտ է նաև հընթացս արդյունավետ մոնիթորինգի ենթարկել ազդարարման էլեկտրոնային հարթակը առաջացող տեխնիկական կամ բովանդակային խնդիրներին հրատապ լուծում տալու հրամայականով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել