Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» վաղվանից՝ դեկտեմբերի 22-ից զանգվածային հացադուլ կսկսի։ Այս որոշման մասին խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին քիչ առաջ հայտնել է ՄԱՇ նախագահ Նիկա Մելիան։
Մելիայի խոսքով՝ հացադուլը չի ավարտվի այնքան ժամանակ, քանի դեռ Միխեիլ Սաակաշվիլին ազատ չի արձակվել։
Ինչպես նշել է Մելիան, հացադուլը կսկսվի «Ազգային շարժման» կենտրոնական գրասենյակի տարածքում, որտեղ այս պահին ստեղծվում են համապատասխան ենթակառուցվածքներ։
Կուսակցության նախագահը նշել է նաև, որ չի կարող որևէ մեկին կոչ անել միանալ զանգվածային հացադուլին, սակայն, ասել է, թե որքան շատ մարդ լինի, այնքան շուտ Միխեիլ Սաակաշվիլին ազատ կարձակվի։
«Մենք նոր պայքարի մեջ ենք մտնում՝ Միխեիլ Սաակաշվիլիին ազատելու համար և այսօրվանից հայտարարում ենք բողոքի զանգվածային հացադուլ»,- ասել է Մելիան։
Ըստ Մելիայի՝ կայացրել են ծանր, սակայն սահմանադրորեն թույլատրելի որոշում և կիրառում են ոչ բռնի մեթոդ։
Նշենք, որ այս պահին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Ռուսթավելի պողոտայում հանրահավաք է անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։