Առնվազն հասկանալի չէ նախագծի հեղինակի ցանկությունը. Ալեքսանդր Սիրունյանը՝ «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք Փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանի հետ:

– Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Նախագիծը գրողին հարցրեք, թե ինչ նպատակ է այն հետապնդում: Ես չգիտեմ այս փոփոխությունների նպատակը, բայց դրանց հիմնական մասը ոչ միայն պատճառ չունեն, այլ նաև արդիական չեն: Ի՞նչ է նշանակում՝ եկեք հասարակությունից մարդ մտցնենք, թող մասնակցի փաստաբանների պալատի կառավարմանը: Եթե այդպես է, եկեք դատախազություն էլ հասարակությունից մարդ մտցնենք: Թող ինքը նստի և գլխավոր դատախազի հետ որոշեն, թե դատախազը ինչպես պետք է աշխատի:

Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը:

– Եթե նպատակը լավն է, ուրեմն ասեք՝ մենք էլ հասկանանք: Հնարավոր է, որ դուք այնպիսի բան եք նկատել, որ մենք՝ փաստաբաններս, չենք տեսել: Չեն ասում, բայց պնդում են, որ փոխել է պետք: Այս աշխարհում փոխելու շատ բան կա: Անկախ նրանից մարդիկ լավն են, թե վատը Փաստաբանների պալատը նույն հորիզոնականում է գտնվում, ինչ դատախազությունը և մյուս իրավապահ մարմինները: Եթե ուզում եք Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները սահմանափակեք, խորհրդինը բարձրացնեք, հարց է առաջանում՝ ինչո՞ւ մյուս կառույցներում նման փոփոխություն չեն ուզում անել: Թող ոստիկանությունում և դատախազությունում լինի դեմոկրատական կառավարում: Կլինի՞: Բոլորս հավաքվենք և քվեարկենք դատախազը պետք է տվյալ մարդուն բռնի, թե՞: Դատարաններում օրինակ՝ հասարակության ներկայացուցիչները գնան դատավորին հուշեն, թե նա ինչպես պետք է ապրի այս կյանքում:

Եթե մի բան փոխում են, պետք է պատճառն ասեն, թե ինչի համար են փոխում և ինչն էր վատը, որ հիմա ուզում են փոփոխությունների միջոցով լավացնեն: Բացատրեք, թե ոչ կոլեգիալ կառավարման ի՞նչն էր վատը:

– Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։

– Այստեղ ես մեծ խնդիր չեմ տեսնում, բայց պետք է լինի ոչ թե պարտադիր, այլ պետք է լինի հանրային պաշտպանի գրասենյակի ցանկությամբ: Մեզ մոտ պետությունը գումար է տալիս պալատին, որպեսզի կազմակերպի տվյալ կատեգորիայի մարդկանց շահերի պաշտպանությունը:

Աշխարհում կա երկու ձև և նույնիսկ երկներ կան, որտեղ երկու տարբերակով էլ աշխատում են, այսինքն՝ տվյալ կատեգորիայի մարդկանց շահերի պաշտպանությամբ զբաղվում են հանրային պաշտպանները, որոնք աշխատում են որպես հանրային պաշտպան և երկրներ էլ կան, որ պալատը կամ պետությունը ինչ-որ փաստաբանների ասում է օրինակ՝ 10 միլիոն դրամ գումար կա, ո՞վ այդ գումարի դիմաց կզբաղվի այս 30 հոգու պաշտպանությամբ: Բայց չենք կարող ասել, որ միայն այդպես պետք է լինի: Այստեղ ես վատ բան չեմ տեսնում:

-Պարոն Սիրունյան, Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։

– Կոլեգիալությունը, նախագահի կարգավիճակի իջեցումը, խորհրդինը՝ բարձրացնելը: Նպատակը չեմ կարողանում հասկանալ: Պալատը, որ զարգացել և կայացել է, այսօրվա գործող օրենքով է եղել: 20 տարվա ընթացքում այդ օրենքում շատ բան չի փոխվել: Եթե ուզում են փոխել, ուրեմն թող ասեն, թե այսօր ինչն է վատ, որ փոփոխությունների միջոցով ուզում են լավացնել: Միայն թե  չասեն, որ ուսումնասիրել են Ալբանիայի փորձ: Այդպես չի լինի: Առնվազն հասկանալի չէ նախագծի հեղինակի ցանկությունը:

-Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ 

– 3000 լիցենզավորված փաստաբանների գերակշիռ մասը ասելու են նույն բանը. «Ո՞րն է առաջարկվող փոփոխությունների պատճառը»: Նման փոփոխությունները կարող են շատ վատ բանի հանգեցնել, որովհետև մենք չգիտենք օրենքն ընդունելու նպատակը:

Այն, որ պետք է լինի տարեկան աուդիտ, դրան համաձայն եմ՝ պետք է լինի: Արդարադատության նախարարությունը մոտ 800 հազար դոլար գումար է տալիս Հանրային պաշտպանի գրասենյակին, այդ գումարը պետական գումար է և համաձայն եմ, որ պետք է աուդիտ լինի, բայց կառավարման համակարգը պետք չէ փոփոխել:

– Արդյոք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։

– Չեմ պայմանավորում, որովհետև նախագահին ընտրել է փաստաբանների մեծ մասը, անկախ նրանից, թե ով ում էր ուզում տեսնել այդ պաշտոնում: Այդ մարդը նորմալ ընտրվել է, իսկ կեղծիք չի եղել:

Մերի Մնոյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել