Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբանների։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։
Թեմայի վերաբերյալ խոսել ենք Փաստաբանների պալատի անդամ Արամ Օրբելյանի հետ:
– Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումն ի՞նչ նպատակ է հետապնդում։
– Ցանկացած ոլորտում՝ կլինի փաստաբանություն, դատական համակարգ, թե տնտեսության ոլորտները միշտ փոփոխությունների կարիք կարող է լինել: Այսինքն, լավից լավը միշտ կա: Խնդիրը կայանում է նրանում, թե արդյոք այսօր փաստաբանության ոլորտում օրենսդրական փոփոխություններ իրականացնելու առաջնահերթություն կա և արդյոք այդ օրենսդրական փոփոխությունները չիրականացնելը այն աստիճան են խոչընդոտում ոլորտի զարգացմանը, որ մնացած խնդիրները մի կողմ թողած պետք է կենտրոնանանք փաստաբանության ոլորտի օրենսդրության զարգացման վրա: Ինչու եմ սա ասում, որովհետև երբ խոսում ենք պետական կառավարման համակարգի մասին, պետք է հասկանանք, որ միշտ սահմանափակ ռեսուրսների մասին է խոսքը: Ռեսուրսների սահմանափակության պայմաններում պետք է միշտ նախընտրել այն ոլորտները, որտեղ կատարվող փոփոխությունները ավելի էական ազդեցություն կունենան համապատասխան հասարակական հարաբերությունների զարգացման փոփոխությունների վրա:
Կարծում եմ՝ փաստաբանության ոլորտում օրենսդրական մակարդակի այդքան խորքային խնդիրներ առկա չեն, և անհրաժեշտություն չկա սկզբունքային ինչ-որ փոփոխություններ անել: Բայց դա չի նշանակում, որ առաջարկված բոլոր փոփոխությունները վատն են: Այսինքն՝ այնպես չէ, որ վատ բան են գրել: Նախագծի մեջ կան որոշակի փոփոխություններ, որոնք կարծում եմ, այս փուլում մեր համակարգի վրա դրական ազդեցություն կարող են ունենա: Բայց նաև կան փոփոխություններ, որոնք ես անձամբ բացասական եմ գնահատում և կան այլք, որոնք այս պահին դժվար է գնահատել, թե ինչ ազդեցություն կունենան:
– Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը:
– Կորպորատիվ կամ ոչ առևտրային կազմակերպությունների և պետության կառավարումը իրարից տարբերվող կառուցվածքներ են: Իրենք իրենց դերով, կառուցվածքով և ֆունկցիաներով տարբերվում են իրարից: Հետևաբար, փաստաբանների պալատի կառավարման մարմինները դիտարկելիս պետք է հասկանանք, որ այն փաստաբանների ինքնակառավարման մարմինն է: Փաստաբանների ինքնակառավարման մարմնի շրջանակում լինելու է աշխատակազմ, որտեղ կարող են լինել փաստաբաններ և ոչ փաստաբաններ, որոնք պետք է կատարեն աշխատանքը և պետք է լինի մի կոլեգիալ մարմին, որը որոշումներ կընդունի:
Նախագծում տեսնում ենք մի քանի կոլեգիալ մարմինների ձևավորում և ինչ-որ այլ գործընթացներ: Այս պահին 3000-ից մի փոքր ավել փաստաբան կա Հայաստանում: Այն բավականին մեծ կայացած կառույց է, բայց «սուպեր հսկա»՝ օրինակ 50 հազար անդամ ունեցող կառույց չի և համապատասխանաբար բարդ կառավարման համակարգ ձևավորելը բերելու է բարդացման, որովհետև անհրաժեշտ է գտնել համապատասխան քանակի մարդիկ, որոնք ցանկանում են զբաղվել այդ գործունեությամբ և ռեսուրեսներ կդնեն, որպեսզի այդ գործունեությամբ զբաղվեն: Խորհուրդի անդամ լինելը, օրինակ՝ որպես կանոն հասարակական հիմունքներով է: Պետք է հասկանանք, որ այդ կառույցը ինքնաֆինանսավորվող է, և ապարատի մեծացումը բերում է ծախսերի մեծացման, եթե դրանք վճարովի լինեն այլ ոչ թե հասարակական հիմունքներով: Հետևաբար, քանի դեռ չկա բավարար մեծ կառույց, այսինք՝ երբ կունենանք 20 հազար փաստաբան, այդ ժամանակ արդեն կարելի է քննարկել բարդ համակարգերի անհրաժեշտության և ավելի բարդ կառավարման մոդելներ ձևավորելու մասին: Այս փուլում իմ կարծիքով, առկա մոդելը բավարարում է այսօրվա և նույնիսկ վաղվա պահանջներին:
Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում ունի ամենազարգացած փաստաբանական համայնքներից մեկը, եթե ոչ ամենազարգացածը, և Արևմտյան Եվրոպայի մի շարք պալատների հետ կարող է չակերտավոր ասած մրցել՝ իր կայացվածության աստիճանով: Հետևաբար այստեղ ինչ-որ խորքային բան փոխելը, բարդացնելը, կարծում եմ, անհրաժեշտ չէ, և բերելու է ձևավորված կամ ձևավորվող հարաբերությունների խաթարմանը: Այն վեր է ածվելու ոչ թե ինքնակառավարման, այլ ներքին պայքարի ինչ-որ մարմնի: Կարող են փորձել քաղաքականացնել, քաղաքական՝ ընդ որում ոչ թե կուսակցական, այլ ինչ-որ պրոցեսների մասնակից դարձնել: Պետք չի: Այն ինքնակառավարվող մարմինն է և ունի իրավական հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը:
– Փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։
-Մի քիչ ավելի խորքային խնդիր է: Հանրային պաշտպանի գրասենյակը բավականին կայացած մոդել է այսօր, բայց բարելավման տեղ ունի այն իմաստով, որ հանրային պաշտպանները այսօր գերծանրաբեռնված են: Այսինքն, այն քանակությամբ գործերը, որոնք գալիս են փաստաբանական պալատ և որոնց համար, որ պետությունը վճարում է համաչափ չեն իրար: Մոտավորապես այսպիսին է սկզբունքը. ունենք 70 հանրային պաշտպան, կլինի 1000 գործ, 2000 թե 3000 պետք է զբաղվենք: Դեռևս 2011-2014 թվականներին նախնական ինչ-որ փորձ արվեց դատական և արդարադատությանն աջակցող բոլոր համակարգերում անցնել ծրագրային բյուջետավորման: Պրոցեսը սկսվեց, բայց մինչև հիմա դեռևս չի կայացել:
Օրինակ՝ եթե հանրային պաշտպանի գրասենյակը ֆինանսավորի մասնավոր փաստաբաններին և նրանք զբաղվեն այդ գործով՝ մեթոդը կարող է աշխատել, բայց պետք է հասկանանք, որքանո՞վ է այն ֆինանսապես կայուն մոդել լինելու և որքանո՞վ է բերելու թանկացման: Այս առումով հնարավոր է, որ ավելի արդյունավետ մոդել կա: Իմ գնահատմամբ հանրային պաշտպանների թվի ավելացումը և նորմալ ծրագրային բյուջետավորումը հարցին ընդհանուր լուծում կբերի, ինչը չի բացառում նաև արտաքին՝ ոչ հանրային պաշտպան հանդիսացողներին ներգրավվելու հնարավորությունը: Բայց այստեղ վարչարարությունը բավականին բարդանալու է՝ գործերի այս ծավալի դեպքում: Այսօր հանրային պաշտպանի գրասենյակում բավականին փորձառու թիմ կա, և խոսքը տարիքի մասին չէ, այլ փորձառության և հմտությունների: Քանի, որ արդեն մոտ 10 տարի է այնտեղ մրցույթով են ընդունվում, աշխատավարձը վատը չի և ընդհանուր առմամբ լավ որակի ծառայություններ են մատուցում: Եթե ընդհանրացում է տեղի ունենում, գաղափարը գուցե հետաքրքիր է թվում, բայց դրա ռեալ գնահատման մոդելը ես առնվազն չեմ տեսնում: Չբացառելով գործողության լավ լինելը, պետք է դրա տակ լինի շատ հստակ ֆինանսական և կառավարչական մոդելի նկարագիր, որը չկա:
– Պարոն Օրբելյան, Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։
– Կառավարման համակարգի պայմանական ասած լայն տարանջատումը, բաժանումը, ինչ-որ կանոններ դնելը, խնդիրներ բարձրացնելը՝ որոնք, իմ կարծիքով, ռեալ չկան, խորհրդից բացի մի քանի այլ մարմին ձևավորելը, այդ մարմինների ձևավորման մեջ սահմանափակումներ դնելը, պալատի անդամներին աշխատելու կամ չաշխատելու հնարավորություն տալը պալատում, և մի շարք այլ բաները, իմ կարծիքով, ռեալ ապրոբացիա չապրած գաղափարներ են: Իմ կարծիքով՝ այս փուլում՝ Փաստաբանների պալատի պես կայացած ինստիտուտի հետ կապված, նման փոփոխությունները շատ ռիսկային են:
– Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ Արդյոք դրանք պայմանավորում եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։
– Ես՝ որպես լավատես մարդ, չեմ ուզում այդ ուղղությամբ կապեր տեսնել: Ես ավելի շատ այս խնդիրը դիտարկում եմ պետական կառավարման արդյունավետության լույսի ներքո, որովհետև խնդիր եմ տեսնում ռեսուրսների ճիշտ և տեղին օգտագործման ինստիտուտների, որոնք կայացած են կամ կայանում են աջակցելու կամ չաջակցելու լույսի ներքո:
Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ առկա են որոշակի օրենսդրական կամ այլ խնդիրներ, բայց դրանք այն մակարդակին չեն, որ հենց այսօր պետք է լուծել: Նաև շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն ապացուցողական ռեֆորմի շրջանակներում: Այսինքն, երբ մենք ինչ-որ համակարգում մեծ փոփոխություններ ենք անում, պետք է դրա ֆինանսատնտեսական մոդելը նույնպես հասկացվի. ո՞վ, ո՞նց, ե՞րբ, ինչո՞ւ պետք է անի: Այսօր այս հարցը քննարկելու և օրակարգային դարձնելու ֆոնին, ես որոշակիորեն խնդիրներ եմ տեսնում, որովհետև ռեսուրսները պետք է կենտրոնացնել այն ոլորտներում, որտեղ ռեալ փոփոխությունների կարիք կա: Ես գտնում եմ, որ այս փոփոխությունների նախագիծը չպետք է մշակվեր, բայց ոչ թե նրա համար, որ վատն է, ճիշտ է կամ սխալ, այլ որովհետև այլ ոլորտներ կան, որոնք ավելի կոնկրետ վերլուծելու, հետազոտելու և փոփոխելու կարիք ունեն: Եթե ընդհանրական գնահատեմ ՝ ես ավելի շատ դեմ եմ առաջարկվող փոփոխություններին, քան կողմ:
Մերի Մնոյան