Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծել է Գերմանիայի՝ որպես Հայաստանի վստահելի զարգացման գործընկերոջ հետ հարաբերությունների շարունակական խորացումն ու կարևորել ԵՄ ընդլայնվող գործընկերության համատեքստում Բեռլինի դերակատարումը։
Դեսպան Բուշի խնդրանքով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անդրադարձ է կատարել նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում հրապարակված հռչակագրին։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում տարածաշրջանի երկրների և դրանից դուրս գործընկերների, մասնավորապես՝ ԵՄ երկրների համար փոխկապակցվածության ավելացման հնարավորությունների շուրջ:
