Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 93 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հայրը՝ Գուրգեն Թաթոսի Խաչատրյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների, Արամ Խաչատրյանի պապը: Այս մասին հայտնում են Խաչատրյանների փաստաբանական խմբից։
«Գուրգեն Թաթոսի Խաչատրյանն աշխատանքի վետերան էր, կապի մասնագետ` 60 տարվա փորձառությամբ: Հայրենական պատերազմի տարիներին, երբ աշխատուժի պակաս կար, 13-ամյա Գուրգենն սկսում է կամավոր աշխատել Կապի հանգույցում, իսկ 1946թ-ին պաշտոնապես ընդունվում է աշխատանքի` որպես հերթապահ տեխնիկ։ 12 տարի անց՝ 1958թ-ին, 27 տարեկան հասակում, նա արդեն նշանակվում է Ամասիայի Կապի գրասենյակի պետ և 50 տարուց ավելի ղեկավար պաշտոններ զբաղեցնում այս ոլորտում։ Գուրգեն Խաչատրյանը սովորել է Երևանի Հ. Ադամյանի անվան ռադիո-էլեկտրակապի տեխնիկումում, ապա վերապատրաստվել Լվովում՝ անցնելով Կապի ղեկավար անձնակազմի համար կազմակերպված հատուկ դասընթացները: Նա պարգևատրվել է «Աշխատանքի արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալներով, 1986թ-ին պարգևատրվել է «ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության» շքանշանով:
Գուրգեն Խաչատրյանը, ով հոր վաղաժամ մահից հետո, 1958թ-ից դարձել է գերդաստանի գլուխը, կնոջ` Անժելա Սարգսյանի հետ օգնել և աջակցել է իր չորս եղբայրներին ու երեք քույրերին, հետագայում նաև նրանց երեխաներին ու թոռներին: Գուրգեն Խաչատրյանի գործունեության բեղուն տարիների փորձառության ու կյանքի դասերի կարիքը Խաչատրյանների սերունդները մշտապես կզգան: Գուրգեն պապիկի հիշատակը մշտապես վառ կմնա ընտանիքի անդամների, ընկերների ու հարազատների հիշողություններում:
Գուրգեն Խաչատրյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. օգոստոսի 14-ին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, ժամը 17:00-ից, իսկ վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 15-ին, ժամը 13.00-ին՝ նույն վայրից:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,-նշվում է հայտարարության մեջ: