Կարելի էր հանրային պաշտպանության հնարավորություն ընձեռել նաև փաստաբանական գրասենյակներին․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարարությունը փաստաբանության ոլորտի բարեփոխման ռազմավարական ուղղության շրջանակներում մշակել է «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն հանրային քննարկման դեռ չի ներկայացվել, այլ նախնական կարծիքների հավաքագրման նպատակով ուղարկվել է Փաստաբանների պալատին և բոլոր գործող փաստաբաններին։ Իրավաբան․net-ը հարցազրույցների շարք է սկսել, որի նպատակը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ փաստաբանական համայնքի դիտարկումներն ու կարծիքները ներկայացնելն է։

Թեմայի վերաբերյալ խոսել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Գրիգոր Մինասյանի հետ։

-Ըստ ձեզ նման փոփոխությունների իրականացումը ի՞նչ նպատակ է հետապնդում։

-2018 թվականի հեղափոխությունից հետո փաստաբանության և իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտն իմ խորին համոզմամբ վերելք է ապրում։ Ցանկացած գործընթաց, այդ թվում՝ բիզնես գործունեության ծավալում, պայմանագրերի կնքում և նույնիսկ ամուսնություն, այսօր ուղեկցվում են փաստաբանների կողմից, և գրեթե գոյություն չունի հարաբերության կամ գործունեության մի ոլորտ, որտեղ կարելի է գործել առանց փաստաբանի։

Դա է պատճառը, որ մեր մասնագիտությունը դարձել է ամենապահանջվածներից մեկը։ Աշխարհի ներկայիս զարգացման տեմպերի պարագայում բնական է, որ ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ հատկապես փաստաբանության ոլորտը և հատկապես հետհեղափոխական Հայաստանում կարիք ունի բարեփոխումների՝ ոլորտն առավել ճկուն դարձնելու համար։

-Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է փաստաբանների պալատի գործադիր կառավարման հարաբերություններում Փաստաբանների պալատի խորհրդի և պալատի նախագահի դերակատարության վերանայմանը` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այս փոփոխությանը:

-Ինքս կողմ եմ կոլեգիալ մարմնով կառավարման ձևին, և մեր՝ «AM» իրավաբանական ընկերությունը նույնպես որդեգրել է այդ մոդելը։ Կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ մեկ մարդը չի կարող ավելի արդյունավետ կառավարել և որոշումներ կայացնել, քան կոլեգիալ մարմինը։ Այդպես են կառավարվում աշխարհի առաջատար կազմակերպությունները, և կառավարման կոլեգիալ մոդելը լավագույնն է ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնելու համար։ Փաստաբանների պալատի խորհրդում հավաքված են գիտակ ու պրոֆեսիոնալ անձինք, և իմ կարծիքով, որքան ընդլայնվեն խորհրդի լիազորությունները, այնքան արդյունավետ կլինի կառույցի գործունեությունը։

-Պալատի նախագահի լիազորությունները պե՞տք է սահմանափակվեն։

-Անհրաժեշտ է ավելի լայն լիազորություններ տալ կոլեգիալ մարմնին՝ Փաստաբանների պալատի խորհրդին, որպեսզի արդյունավետ հավասարակշռման բերվեն պալատի նախագահ և խորհուրդ հարաբերությունները։ Ունեմ համոզմունք, որ որքան ավելի շատ խելացի ու պրոֆեսիոնալ մարդիկ ներգրավված լինեն աշխատանքներում և որոշումներ կայացնելու գործընթացներում, այնքան ավելի կբարձրանա կառույցի արդյունավետությունը։

-Պալատի նախագահը պե՞տք է ապաքաղաքական լինի, թե փաստաբանության դեպքում դա կիրառելի և կարևոր չէ։

-Այսօր Հայաստանը գտնվում է այնպիսի ծանր շրջափուլում, որ բոլորիս համար շատ դժվար է լինել ապաքաղաքական, չհետաքրքրվել կամ չզբաղվել քաղաքականությամբ, իսկ փաստաբան լինելով շատ ավելի ես ներքաշվում քաղաքական գործընթացների մեջ, քանի որ բոլորս ունենք վստահորդներ, որոնք քաղաքական գործիչներ են, և այսպես, թե այնպես առնչվում ենք քաղաքականության հետ։ Անհատ փաստաբանը, անշուշտ, չունի որևէ արգելք զբաղվելու քաղաքականությամբ, սակայն իմ խորին համոզմամբ պալատն ինքնին չպետք է լինի քաղաքականացված մարմին և որպես կառույց օգտագործվի քաղաքական մրցավազքի մեջ, քանի որ դա կբերի շահերի բախման և մեր՝ փաստաբանների միջև անառողջ մրցակցության:

-Պարոն Մինասյան, փոփոխությունների առաջարկներից մեկը վերաբերում է հնարավորության նախատեսմանը, որ հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով: Փոփոխությունը տեղին կլինի՞։

-Ոչ միայն տեղին, այլև կարևոր և սպասված կարգավորում է առաջարկվում հանրային պաշտպանի գործունեության մասով։ Սա շատ դրական փոփոխություն է, որի արդյունքում էականորեն կթեթևանա հանրային պաշտպանի գրասենյակի առկա ծանրաբեռնվածությունը։

Սկսնակ փաստաբանները հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով հանրային պաշտպանություն իրականացնելով մասնագիտական փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենան, իսկ հանրային պաշտպանի գրասենյակը կկարողանա վերահսկողություն իրականացնել նրանց գործունեության նկատմամբ։ Կարելի էր նույնիսկ ավելի լայն կարգավորում նախատեսել՝ հանրային պաշտպանության հնարավորություն ընձեռելով ոչ միայն անհատ փաստաբաններին, այլ նաև փաստաբանական գրասենյակներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան մատուցել անվճար իրավաբանական ծառայություններ՝ չխախտելով հարկային օրենսդրությունը։

-Արդարադատության նախարարության կողմից առաջարկված մյուս փոփոխություններից ո՞ր կետերն են խնդրահարույց և ի՞նչ ռիսկեր կան դրանց իրականացման ճանապարհին։

-Յուրաքանչյուր բարեփոխում իր մեջ պարունակում է ռիսկ, եթե դրան մասնակից չեն դառնում կոնկրետ ոլորտին առնչվող անձինք։ Այս դեպքում բոլոր փաստաբաններին հնարավորություն է տրվել նախապես ծանոթանալ ներկայացված նախագծին և իրենց մասնագիտական առաջարկությունները ներկայացնել բարեփոխումներն իրականացնող մարմնին։ Տեղյակ եմ, որ Արադարադատության նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ քննարկումներ են իրականացնում, և հուսով եմ, որ ի վերջո կստանանք մի փաստաթուղթ, որը կառույցը կբերի որակապես նոր մակարդակի։

-Ինչպե՞ս են ընկալում փաստաբանները առաջարկվող փոփոխությունները։ Արդյոք դրանք պայմանավորո՞ւմ եք վերջերս կայացած պալատի նախագահի ընտրության արդյունքներով։

-Որքան կարողացել եմ հետևել մամուլին ու սոցիալական ցանցերին, բացասական արձագանքներ չեմ հանդիպել, իսկ կոլեգաներիս հետ իմ անձնական շփումներում արձանագրել եմ բոլորի կողմից կառուցողական մոտեցում։ Սակայն բնական է, որ ոլորտի առանձին մասնագետներ կունենան սեփական մոտեցումներն ու առաջարկները կամ անհամաձայնություններն առաջարկվող փոփոխություններին։

Հուսով եմ, որ այս և ապագա բոլոր բարեփոխումները կնպաստեն ավելի ուժեղ և համախմբված Փաստաբանների պալատի կայացմանը։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել