Ինչպե՞ս կնքել ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն (ալիմենտ վճարելու ձևերն ու կարգը)

Ալիմենտ վճարելու վերաբերյալ (ալիմենտի չափի, վճարման պայմանների ու կարգի մասին) համաձայնությունը կնքվում է ալիմենտ վճարելու պարտավոր անձի և խնամակալի (ալիմենտ ստացողի) միջև, իսկ ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող անձի և (կամ) ալիմենտ ստացողի անգործունակ լինելու դեպքում՝ այդ անձանց օրինական ներկայացուցիչների միջև։ Սահմանափակ գործունակ անձինք ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն են կնքում իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։
Ձևը

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու կարգը

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու նկատմամբ կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքների կնքման, կատարման, փոփոխման, լուծման և անվավեր ճանաչման վերաբերյալ քաղաքացիական օրենսդրության նորմերը։

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:

Կողմերի գույքային և ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ:

Եթե երեխային կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամին ապրուստի միջոց տրամադրելու` ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված պայմանները էապես ոտնահարում են նրանց շահերը, ապա նման համաձայնությունը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել երեխայի կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամի օրինական ներկայացուցչի, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի պահանջով։

Վճարվող ալիմենտի չափը

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ վճարվող ալիմենտի չափը որոշում են կողմերը:

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ երեխաների համար որոշվող ալիմենտի չափը չի կարող պակաս լինել նրանց համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափից:

Ալիմենտ վճարելու ձևերն ու կարգը

Ալիմենտ վճարելու ձևերն ու կարգը որոշվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ:

Ալիմենտը կարող է վճարվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի վաստակի և (կամ) այլ եկամտի նկատմամբ բաժնային չափով, պարբերաբար վճարվող կայուն դրամական գումարով, միանվագ վճարվող կայուն դրամական գումարով, գույք տրամադրելու միջոցով, ինչպես նաև այլ ձևերով, որոնց համար համաձայնություն է կայացվել։

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության մեջ կարող է նախատեսվել ալիմենտ վճարելու տարբեր ձևերի համակցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել