Մինչ միջազգային դիվանագետները պայքարում են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսելու համար, իսրայելցի պաշտոնյաները կոշտ դիրքորոշում են որդեգրում Իրանի դեմ և աշխատումհամոզել Արևմուտքին ցուցաբերել նույն մոտեցումը:
Ինչպես հայտնում է Իսրայելի կառավարության մամուլի գրասենյակը, երկրի վարչապետ Նաֆթալի Բենեթն ասել է, թե Իրանն արժանի չէ ոչ մի պարգևի, ոչ մի գործարքի և ոչ մի պատժամիջոցների չեղարկման:
«Ես կոչ եմ անում մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում. Մի՛ տրվեք Իրանի միջուկային շանտաժին», ասել է նա:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ը 2018 թվականին դուրս բերեց Իրանի միջուկային միջազգային համաձայնագրից, Իրանը սկսեց խախտել այս պայմանագրով ստանձնած մի շարք սահմանափակումներ, որոնք նախատեսված էին միջուկային զենք ստեղծելու Թեհրանի կարողությունը կրճատելու համար:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ վերջերս հրապարակել է զեկույցներ, որոնք ցույց են տալիս, որ Իրանը զգալիորեն է արագացրել իր միջուկային ծրագիրը։
Իսրայելցի վերլուծաբաններից շատերն են մտահոգված, որ Իրանի միջուկային ծրագիրը չի հետաձգվի և կշարունակի զարգանալ:
Ինչպես ‘’Ամերիկայի Ձայն’’-ին տրված հարցազրույցում Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Սիմա Շեյն է ասում.
«Միջուկային ծրագիրը կասեցնելու միջազգային հանրության այսօրվա հնարավորություններն այսօր ավելի քիչ են: Իսկ իրանական կողմն ավելի վճռական է’’:
Ըստ հաղորդագրությունների, Իսրայելը 1.5 միլիարդ դոլար է հատկացնում Իրանի դեմ ռազմական հարված իրականացնելու համար: Վերլուծաբաններն ասում են, թե նման հարված միայնակ կերպով հասցնելը դժվար կլիներ Իսրայելի համար: Պատճառն այն է, որ Իրանի միջուկային հաստատությունները ցրված են երկրի առնվազն հինգ տարբեր հատվածներում, որոնց մի մասը` մեծ խորության վրա: Սակայն Իսրայելը հավատացած է, որ Իրանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար հարկավոր է իրականացնել ռազմական ուժեղ գործողություն:
Իսրայելը նաեւ Իրանի դեմ ճնշումներ է բանեցնում կիբեր տիրույթում: Այն մի շարք կիբեր հարձակումներ է իրականացրել Իրանի միջուկային ծրագրում եւ քաղաքացիական ենթակառուցվածքներում: Սակայն կան կասկածներ նաեւ, որ Իրանն էլ կիբեր հարձակումների է դիմել ընդդեմ Իսրայելի ջրային պաշարների համակարգի ու ընդդեմ տեխնոլոգիական ընկերությունների:
Այս պայմաններում է Իսրայելը հորդորում ԱՄՆ-ին համաձայնվել, որ կա Իրանին հակադրվելու նաեւ ռազմական տարբերակ: Բայդենի վարչակազմը շարունակում է հայտարարել, որ աշխատում է դիվանագիտական գործընթացը վերսկսելու համար, բայցեւ ընդունում է, որ Իրանը դեռեւս լուրջ մոտեցում չի ցուցաբերում բանակցությունները վերսկսելու հարցում:
Ինչպես ‘’Իսրամեդիա’’-ն է տեղեկացնում, Իսրայելը ծրագրում է շարունակել մեծացնել ռազմական ու կիբերային հարձակումների կարողությունները: