Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին հայտարարությանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ այսօր ավելի վաղ հրապարակված հայտարարությանն ու փորձել արդարացնել Իլհամ Ալիևի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերող սպառնալիքները։

«Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է և ամենաբարձր մակարդակով ընդգծել երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հայտարարությունների կատարման կարևորությունը, մեր երկիրը կոնկրետ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները տարբեր պատրվակներով»,- ասվում է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Բաքուն Հայաստանին «կոչ է արել»՝ «կեղծ հայտարություններով» միջազգային հանրությանը դիմելու փոխարեն «կատարել ստանձնած պարտավորությունները»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, սակայն, Ալիևի հնչեցրած սպառնալիքներին չի անդրադարձել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, 2021 թվականի դեկտեմբերի 6-ին Ղուբայի շրջանի Ղոնախքենդ գյուղի բնակիչների հետ հանդիպման ընթացքում հանդես է եկել Ադրբեջանի պայմաններն ընդունելու և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման կոնկրետ ժամկետ հայտարարելու՝ Հայաստանին ուղղված պահանջներով: Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանը նաև մեղադրել է ճանապարհների և կոմունիկացիաների հարցում ոչ անկեղծ մոտեցումներ ցուցաբերելու մեջ:

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է.

ա) Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրենց բովանդակությամբ կապ չունեն նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների հետ, հակասում են Եռակողմ աշխատանքային խմբում և Սոչիում ձեռքբերված պայմանավորվածություններին, հետապնդում են ապակառուցողական և սադրիչ նպատակներ, սպառնալիք են պարունակում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ,

բ) Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է վերը թվարկված իր բոլոր հանձնառություններին, պատրաստ է վերը նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը,

գ) Տարածաշրջանի կոմունիկացիաների՝ ավտոճանապարհների և երկաթուղիների վերականգնման և բացման գործընթացի միջոցառումների իրականացման ցանկը և ժամանակացույցը քննարկվում է Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որի աշխատանքները խոչընդոտվում են Ադրբեջանի սադրիչ հռետորաբանության պատճառով:

Հայաստանի Հանրապետությունը անվտանգային ոլորտում իր հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների և ողջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ պաշտոնական Բաքուն շարունակում է ռազմաշունչ հայտարարություններով ուժի կիրառման հստակ սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ՝ խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում ՄԱԿ-ի կանոնադրությունը, և վտանգելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից ու չխոչընդոտել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունների իրագործմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել