«Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը այսօր՝ նոյեմբերի 26-ին, ելույթ ունեցավ՝ ասելով․
«Մենք այստեղ մեր հավաքներով ապացուցեցինք ողջ աշխարհին, ում այս պահին հետաքրքիր է Հայաստանը, և ինքներս մեր համար ու ժողովրդին, որ ընդունակ ենք երկու բան՝ այս երկրում դեռ կան մարդիկ, որոնք դուրս են գալիս փողոց և փողոցում ցույց են տալիս, որ իրենք կարող են տեր կանգնել իրենց երկրին։ Ես համոզված եմ՝ նրանք հազարներն են, պարզապես մյուսները տանից դուրս չեն գալիս, բայց կան մարդիկ, որոնք դա կարող են անել և հետևաբար՝ կարող են դառնալ այն փոքր խումբը, որը կարող է ամբողջ համախմբմանը տանել։
Ես այն ասեմ, որ մենք ունենք արդեն ազդակներ տարբեր բևեռացում ունեցող խմբերից, որ հանդիպումների են պատրաստ։ Ինձ համար դա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք կարող ենք գոնե նստել բոլոր քաղաքական ուժերի հետ մի օր մի կլոր սեղանի շուրջ, սա իմ երազանքն է ուղղակի, և պայմանավորվել մի հարցի շուրջ, այդ հարցը գիտեք ինչն է՝ մեր երկիրն ազատել այս անկարող իշխանություններից։ Հետո, թե ինչ կլինի, դա հետոն ցույց կտա, բայց առաջին հարցը մենք միասին պիտի լուծենք։ Եվ այստեղի քչությունն ապացուցում է, որ մինչև բոլորը չհամախմբվեն, այս հրապարակը չի լցվի։ Դա բոլորն են գիտակցում։
Երկրորդը, որ մենք ցույց տվեցինք այս քանի օրվա մեր հավաքներով, որ եսհամոզված եմ, որ նույնիսկ մեր այդքան չսիրած Նիկոլ Փաշինյանին մենք անուղղակիորեն աջակցեցինք, որ ինքն այնտեղ Հայաստանի դիրքերը պահի։ Բայց քանի որ այնուամենայնիվ վտանգները մնում են Հայաստանի գլխին կաված, մենք պետք է մեր պայքարը շարունակենք և պիտի պատրաստվենք այդ պայքարի գլխավոր հարվածին շատ լրջորեն»։