Այնուամենայնիվ չգիտեմ այլընտրանքային Երևանը որտեղ է լինելու. Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը սահմանազատման և սահմանագծման թեմայով նախաձեռնել է  խորհրդարանական լսումների, որին մասնակցում են արտախորհրդարանական ուժեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ, նախկին զինվորականներ:

«Սա նաև դիտարկում ենք լավ հնարավորություն խորհրդարանից դուրս գտնվող մեր գործընկերների համար ԱԺ ամբիոնից հնչեցնել իրենց դիրքորոշումները և տեսակետները, համատեղ կազմակերպել բովանդակային քննարկում»,-ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պաշտպանության և համախմբման պահանջարկ ձևավորելու փոխարեն կեղծ օրակարգով խաղաղության դարաշրջանի պահանջարկ են ձևավորում. «Անհասկանալի է ում շահերն են պաշտպանում՝ դվանագիտական և բանակցային ռեսուրսի թերի գործադրումով և ռազմավարական գործընկերների հետ ոչ սկսբունքային, անհետևողական հարաբերություններ հաստատելով: «Հայաստան» դաշինքը բազմիցս հայտնել է, որ դեմ չէ խաղաղությանը և սահմանների ճշգրտմանը, բայց ոչ առանց համապատասխան պայմանների, ժամանակավրեպ և ի հաշիվ Հայաստանի և Արցախի շահերի կորստի»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը պետք է բացառեն Արցախի ներգրավումը Ադրբեջանի կազմում:

«Ինչ վերաբերվում է ճանապարհների ապաշրջափակմանը և տարածաշրջանային կոմունիկացիաների գործարկմանն, ապա մենք կողմ ենք դրան, սակայն ոչ ի հաշիվ մեր երկրի անվտանգության ապահովման և  ինքնիշխանության մակարդակի նվազեցման: Թուրք-ադրբեջանական նախապայմաններն այս հարցում անընդունելի են, իսկ մեր երկրի իշխանություններն այսօր տեսնում ենք, որ կատարում են ադրբեջանական թելադրանքը, դեռ ավելին՝ սահմանում համապատասխան ծառայություն՝ պաշտպանություն չիրականացնելով: Մեծ ոգևորությամբ են խոսում այլընտրանքային ճանապարհների մասին, գյուղերի մասին, որոնց բնակչության համապատասխան քանակ գոյություն ունի, չհասկանալով, որ հետագայում նաև ստիպված են լինելու այլընտրանքային գյուղեր կառուցել և այլ ճանապարհներ, այնուամենայնիվ չգիտեմ այլընտրանքային Երևանը որտեղ է լինելու»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղ գոյակցության պայմաններում հարաբերություն հաստատել մեզ հետ. «Պաշտոնական Երևանից հնչող մուրացկանային խաղաղասիրության կոչերն էլ իրենց հերթին ավելի են գրգռում թշնամու ախորժակն ու առաջացնում նոր խնդիրներ: Նորություն չէ մեզ համար, որ սահմանագծումն ու սահմանազատումն այս օրերին տեղի են ունենում ամենաստոր ձևով՝ հայ զինվորի արյան միջոցով: Այս տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դրա ապացույցն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել