Արդարադատության նախարարությունը նոյեմբերի 2-ին «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով քննարկում էր կազմակերպել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության ծրագրի՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության աջակցությամբ։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ քննարկումն անցկացվել է «հինգ տասնյակը գերազանցող շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»։
Իրավաբան․net-ի հետ զրույցում «Լրագրողներ հանուն իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ այդ քննարկումներին մասնակցել է։
«Քննարկումներ եղան վեթինգի հետ կապված։ Ամբողջ պատկերը դժվար է ստանալ, բոլորը կարծես խոսում են, բայց գործնականում մենք այդ արդյունքները չենք տեսնում»,-նշեց նա։
Ժաննա Ալեքսանյանի համար կարևոր էր դատավորների բարեվարքության մասին քննարկումները․ «Երբ գործերը նախաքննական փուլից գնում են դատարաններ, մենք գիտենք ինչ անորակ քննություններ է կատարվում։ Այս հարցը համակարգային պետք է լուծվի»։
Կազմակերպության նախագահի խոսքով՝ 2018 թվականից հետո դատական բարեփոխումների շրջանակներում նկատելի փոփոխություններ չեն եղել։ Խնդիրները, որոնք առկա էին 2018-ից առաջ, կան նաև այսօր։
«Իմ կարծիքով՝ նախկին նախարար Ռուստամ Բադասյանը ոչ մի բան չի արել, որոնք ուղղված կլինեին դատական բարեփոխումներին։ Նա միայն շատ խոսում էր։ Ոչ մի փոփոխություն ոչ մի տեղ չեմ տեսնում։ Հիմա եկել է նոր նախարար և ինչ-որ բաներ նախաձեռնել է, անկեղծ ասեմ։ Այո՛, նա էլ է հայտարարել դատական բարեփոխումների մասին, բայց էական շարժեր չեմ տեսնում։ Կարծում եմ, որ գոնե մոտ 6 ամիս պետք է աշխատի, որ հստակ կարծիք հայտնենք։ Ինչ կլինի հետո՝ չեմ կարող ասել»,-ասաց նա։
Խոսելով դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու մասին՝ Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ այդ գործում առաջամարտիկ պետք է լինի Արդարադատության նախարարությունը։ Սակայն դա միայն ԱՆ-ի խնդիրը չէ, պետք է միանան քննչական մարմինները։ Ըստ նրա՝ գործընթացը համակարգային պետք է լինի։
Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։