Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հինգշաբթի երկօրյա աշխատանքային այցով կայցելի Հայաստան։ Ինչպես հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից, նա Երևանում կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։
«2021 թվականի նոյեմբերի 18-19-ը Երևանում (Հայաստանի Հանրապետություն) ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Առաջիկա հանդիպումը կլինի 29-րդը՝ 2015 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ-ի մեկնարկից ի վեր և չորրորդը՝ այս տարի։ Նախորդ հանդիպումները տեղի են ունեցել 2021 թվականի փետրվարի 5-ին Ալմաթիում, 2021 թվականի ապրիլի 29-30-ը՝ Կազանում և օգոստոսի 19-20-ը՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթայում։
Հանդիպմանը, բացի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետներից, որպես ԵԱՏՄ դիտորդ պետություններ կմասնակցեն Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները»,-նշված է հաղորդագրության մեջ։