Ռուսաստանը կապի մեջ է, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, որպեսզի իրավիճակը խաղաղվի։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իր գործընկերների հետ։ Այս միջնորդական ջանքերի արդյունքում երեկ երեկոյան բախումները դադարեցվել են։ Համատեղ աշխատանքը շարունակվում է լարվածությունը թուլացնելու համար։ Կոչ ենք անում երկու կողմերին ցուցաբերել զսպվածություն, կանխել նոր միջադեպերը և բոլոր վեճերը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով։»,-նշել է նա։
Ըստ նրա՝ վերջին իրադարձությունները հաստատում են սահմանազատման գործընթացի վաղաժամ մեկնարկի և հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և համապատասխան համատեղ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի կարևորությունը՝ նախկինում ներկայացված ռուսական առաջարկների հիման վրա։
Հարցեր հնչեցին նաև Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997 թվականի օգոստոսի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի դրույթների, ինչպես նաև ՀԱՊԿ մեխանիզմների օգտագործման հնարավորության վերաբերյալ, ինչին ի պատասխան Զախարովան ասաց․ «Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պարտավորություններին. Երկկողմ գծով անցկացվում են համապատասխան խորհրդակցություններ։ Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ապա, մեր տեղեկություններով, նրանք ուշադիր հետևում են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»։