Ինչպե՞ս դառնալ դատավոր

Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 22-ից 60 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, տիրապետում են հայերենին, ՀՀ դատական օրենսգրքի 185-րդ հոդվածի հիման վրա զրկված չեն Դատական դպրոց դիմելու իրավունքից և որոնք համապատասխանում են նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Հայտերը ներկայացվում են Դատական դպրոցի տնօրենին մինչև հոկտեմբերի 25-ը:
Հայտերի հետ նշված անձինք ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`
1) անձը հաստատող փաստաթուղթ.
2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.
3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).
4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).
5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:
Հայտատուն իրավունք ունի ներկայացնելու նաև Դատական դպրոցի կառավարման խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:

Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Դատական դպրոցի տնօրենի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատական դպրոցի տնօրենի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել վարչական դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն նոյեմբերի 1-ից 15-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել