Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են մայիսի 12-ից ՀՀ տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումը

Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

«Մենք լրջորեն մտահոգված ենք երեկվա ծանր ռազմական գործողություններով, որոնք հաջորդել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին լարվածության աճին։ Ադրբեջանի կողմից՝ ենթադրյալ սադրանքների ի պատասխան սկսված ռազմական գործողությունները պատճառ դարձան նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ մինչ օրս տեղի ունեցած ամենակոպիտ խախտման՝ թողնելով դեռևս չհաստատված թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ:

Կոչ ենք անում անհապաղ դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը և ողջունում ենք Եվրոպական խորհրդի նախագահի ներգրավվածությունը ու տեղեկությունները ռուսական միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ: Վերահաստատում ենք, որ ցանկացած հնարավոր անհամաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցային գործընթացի միջոցով, այլ ոչ թե ուժի և միակողմանի գործողությունների: Դատապարտում ենք «սահմանագծման» յուրաքանչյուր փորձ, ինչպես նկատվել է մայիսի 12-ին Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո:

Աջակցում ենք և կոչ ենք անում բացել տնտեսական ու տրանսպորտային կապերը, ինչպես նախատեսվում է նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրով, ինչը խիստ շահեկան կլինի ողջ տարածաշրջանի համար: Սա ներառում է կապն Ադրբեջանի արևմտյան հատվածների ու Նախիջևանի Ինքնավար հանրապետության միջև: Հաջողելու համար կողմերը պետք է հետևեն համաձայնության տեքստին ու խուսափեն դրա չափազանց ծավալուն մեկնաբանությունից: Ավելին, մենք մտահոգ ենք այն տեղեկությունների առնչությամբ, համաձայն որոնց երթևեկությունը դժվարանցանելի է դարձել այն ճանապարհներով, որոնք Ադրբեջանի տարածքով կապում են հայկական քաղաքներն ու գյուղերը, և հավատացած ենք, որ նման վարքագիծը հակասում է այս համաձայնության ոգուն ու դժվարացնում է տեղացի բնակիչների կյանքը:

Ցավում ենք, որ ի հեճուկս միջազգային հանրության մեծաթիվ կոչերի, այդ թվում և Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևի, հակամարտության պատճառով գերեվարված շատ հայեր դեռևս ազատության մեջ չեն, և մենք այս հարցով նորից ենք դիմում Ադրբեջանի իշխանություններին: Մենք նաև վերահաստատում ենք մեր կոչը փոխանակելու ականապատ տարածքների վերջին քարտեզները՝ թույլ տալով քաղաքացիական անձանց վերադառնալու նախկին հակամարտության շրջաններ:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու վստահության ամրապնդման միջոցառումներին և լուծելու ցանկացած հարց բանակցությունների սեղանի շուրջ, մասնավորապես վերսկսելով բանակցությունները հակամարտության տևական կարգավորման և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակի վերաբերյալ՝ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել