Ստրասբուրգի դատարանը որոշել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար հայտարարված կարանտինը չի կարող հավասարվել տնային կալանքի և չի խախտում ազատության իրավունքը, ասվում է Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի կողմից պատրաստված ամփոփագրում։
Որոշումն ընդունվել է Ռումինիայի քաղաքացու հայցով, ով բողոքել է, որ իր նկատմամբ կիրառված 52-օրյա կարանտինը հավասարազոր է ազատազրկման։ Նա պնդում էր, որ ինքը վարակված չէ վիրուսով և չի շփվում հիվանդների հետ։
Ինչպես նշվում է ամփոփագրում, COVID-19 համաճարակի հետ կապված, Ռումինիայում արտակարգ դրություն է հայտարարվել հանրային առողջության նկատառումներից ելնելով։ Տուգանքի սպառնալիքով քաղաքացիներին արգելվել է դուրս գալ տներից, բացառությամբ խիստ սահմանված դեպքերի և հիմնավոր պատճառի առկայությունը հաստատող փաստաթղթի։
Դատարանը գտել է, որ դիմումատուի ազատ տեղաշարժի սահմանափակման ինտենսիվության աստիճանն այնպիսին չէր, որ ընդհանուր կարանտինը համարվեր ազատությունից զրկում։
«Դատարանը ընդունել է, որ համաճարակը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն առողջության, այլև ողջ հասարակության, տնտեսության, պետության գործունեության և ընդհանրապես կյանքի համար, հետևաբար ստեղծված իրավիճակը պետք է բնութագրել որպես «բացառիկ և անկանխատեսելի»։
ՄԻԵԴ-ը դտել է, որ դիմումատուն կարող էր լքել տունը օրենքով նշված հիմնավոր պատճառներով. նա չի ենթարկվել իշխանությունների կողմից անհատական հսկողության, չի պնդել, որ իրեն ստիպել են ապրել նեղ տարածքում և զրկված չի եղել բոլոր սոցիալական շփումներից։
«Հետևաբար, կարանտինի պայմանները չեն կարող հավասարվել տնային կալանքի՝ դատական պրակտիկայի համար հավասարազոր «ազատազրկման»»,- ասվում է փաստաթղթում։