ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը մշակել է «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է բեռնաթափել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանը:
Նախագիծը քննարկվելու է նոյեմբերի 16-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստում։
Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ իրավակիրառական պրակտիկայում նույնիսկ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի պայմաններում վարչական մարմինները մեխանիկորեն ներկայացնում են վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ, որի պայմաններում առաջանում է ուշացած արդարադատության ծայրահեղ վտանգավոր իրավիճակ եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխիքի խախտում:
«Նախագծով առաջարկվող մեխանիզմի հիմքում ընկած է նաեւ միջազգային իրավական փաստաթղթերում օգտագործվող՝ «ուշացած արդարադատությունը մերժված արդարադատություն է» (“Justice delayed is justice denied”) գաղափարը, որի համաձայն՝ դատավարության չհիմնավորված ձգձգումը կարող է հանգեցնել «արդարադատության մերժմանը»՝ դատավարության կողմերի համար (նշվածի վերաբերյալ նաեւ իրավական դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ/0016/01/14 նախադեպային որոշմամբ):
Բացի այդ վերաքննության իրավունքը, երաշխիքը մարդու, այլ ոչ վարչական մարմնի անօտարելի իրավունքն է, սակայն այս նախագծով պարզապես սահմանափակվում է վարչական մարմնի, ոչ թե իրավունքի այլ գործիքակազմի իրացումը: Այս առնչությամբ հարկ է նշել, որ նախագծով կկանխվի նաեւ ոչ խոշոր չափերի տուգանքների գործերով պետության կողմից պետական միջոցների անհարկի վատնումը: Մասնավորապես քիչ չեն դեպքերը, (տե՛ս օրինակ՝ ՎԴ/6542/05/20, ՎԴ5/0188/05/20, ՎԴ/3615/05/21, ՎԴ/0512/05/21, ՎԴ/7589/05/20 գործեր) երբ 10000 ՀՀ դրամի չափով գումար բռնագանձելու ենթադրվող ակնկալիքով պայմանավորված պետական մարմինները վճարում են 10000 ՀՀ դրամ պետական տուրք, դրան գումարած կատարում են աշխատանք, օգտագործում թուղթ եւ այլ ռեսուրսներ, որի պայմաններում արդեն նպատակահարմար չի դառնում պետական ռեսուրսների օգտագործումը, առավել եւս COVID-19 համավարակի, ապա դրա ընթացքում նաեւ զուգահեռաբար պատերազմի ու դրա արդյունքներից հետո առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում»,- նշված է հիմնավորման մեջ: