Վրաստանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պահպանության վարչության Ախալցիխեի բաժնի «Վալե» սահմանային հատվածի տարածքում անցկացվել են վրաց-թուրքական սահմանային ստորաբաժանումների համատեղ վարժանքներ։
Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։
Զորավարժությանը մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցիխեի դիվիզիայի 25-րդ բրիգադի և Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի մարտավարական խմբերը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:
Ըստ ՆԳՆ-ի՝ համատեղ վարժանքների նպատակը երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումների միջև ցամաքային սահմանի պաշտպանության ոլորտում փորձի փոխանակումը և սահմանային անվտանգության հարցերում համակարգված գործողությունների կատարելագործումն է։ Զորավարժությունների շրջանակներում սահմանապահները բարելավել են սահմանային միջադեպերին արձագանքելու և կանխարգելիչ գործողություններ իրականացնելու իրենց կարողությունները:
Զորավարժությունների սցենարը բաղկացած էր 2 հիմնական մասից՝ անօրինական միգրանտների ձերբակալում և պետական սահմանով խոշոր եղջերավոր անասունների մաքսանենգության կանխարգելում։
Դասընթացի ամփոփիչ միջոցառումն անցկացվել է «Վալե» հատվածի տարածքում։ Վրաստանի ՆԳՆ-ի ցամաքային սահմանների պաշտպանության դեպարտամենտի փոխտնօրեն, գնդապետ Էմզար Աբրամիշվիլին գնահատել է վարժանքները և շնորհակալություն հայտնել մասնակիցներին հաջող միջոցառման համար։
Դասընթացի հյուրերին և մասնակիցներին ողջունել է նաև Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի հրամանատար, բրիգադային գեներալ Բերաթ Աջարը։
Միջոցառման ավարտին զորավարժության մասնակիցներին շնորհվեցին շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ։
ՆԳՆ-ն նշում է, որ համատեղ վարժանքներն անցկացվել են 2021 թվականի Թուրքիա-Վրաստան երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Նմանատիպ դասընթացներ անցկացվում են պարբերաբար Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև՝ 2 տարին մեկ անգամ։