Օրենքները հղկված չեն, երբեմն հակասող են, միակողմանի. պատճառը ՔՀԿ-ների հետ չհամագործակցելն է․ Էմին Երիցյան

Կառավարություն-քաղհասարակության կազմակերպություններ համագործակցությունն այս պահին շատ թույլ է։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, Համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը։

«Խորհրդակցական, խորհրդատվական մեխանիզմերը չեն գործում, շատ սահմանափակ դեպքերում են, որ այդ դրսևորումներ կան, ինչը շատ վատ է»,-ասաց նա։

Էմին Երիցյանը նշեց, որ թե՛ որպես Համայնքների միության նախագահ, թե՛ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ երկար ժամանակ է ինչ որևէ քննարկման հրավեր չի ստացել Արդարադատության նախարարության կողմից։

«Որպես ՏԻՄ էլ, ոլորտային նախարարություններն այլևս խորհրդակցական մարմինների նիստեր չի հրավիրում, եթե խորհրդակցական գործընթաց էլ լինում է, մեր նախաձեռնությամբ է լինում։ Բոլոր ոլորտներն էլ․․․ կառավարության կողմից արձագանք չկա»,-ասաց Էմին Երիցյանը։

Նրա խոսքով՝ որակյալ խորհրդատվական որոշումների բացակայության պատճառով ընդւոնված որոշումները լինում են միակողմանի, ոչ որակյալ։ «Սրանք կոնկրետ հետևանքներ էլ ունեն, որովհետև ընդունվող որոշումները, ակտերը, հաճախակի հակասող են լինում հիմա՝ երբեմն օրենսդրությանը, Սահմանադրությանը։ Նման դեպքերը, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, շատ-շատ են։ Օրենքները հղկված չեն, հարակից օրենսդրական ակտերի հետ չեն համապատասխանեցվում։ Այս երևույթները շատացել են կոնկրետ դրա՝ քաղհասարակության կազմակերպությունների հետ չհամագործակցելու արդյունքում»,-ասաց Էմին Երիցյանը։

—————————

Իրավաբան.net-ն արդեն անդրադարձել է Արդարադատության նախարարությունն ու գործընկեր դարձած քաղհասարակության որոշ կազմակերպությունների դատական բարեփոխումներին նվիրված շղարշային միջոցառմանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ) և Իրավաբանների հայկական ասոցիացիան հրապարակել են համատեղ կատարված երկու փորձագիտական ուսումնասիրություններ՝ արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում դատավորի բարեվարքության ստուգման ու պատասխանատվության վերաբերյալ և դատարանի անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքների վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել