Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հրապարակային անակնկալով հանդես եկած պաշտոնատար անձը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պարտավոր է պարզաբանել, թե առնվազն՝
1. ինչպե՞ս է պատկերացնում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց և ապրանքների ազատ ու անվտանգ տեղաշարժը.
2. արդյոք գիտակցում է, որ այս գործառույթները ենթադրում են ՀՀ բնակիչների իրավունքների սահմանափակումներ ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից. մարդկանց ենթարկել տուգանքների, հարուցել քրեական գործեր, բերման ենթարկել ու ձերբակալել, ենթարկել խուզարկությունների և այլն.
3. ինչպե՞ս են Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ (հարակից գյուղերի) բնակիչները կամ օտարերկացիները պաշտպանելու իրենց իրավունքները (օրինակ՝ ու՞մ և ի՞նչ ընթացակարգերով են դիմելու) և ինչպե՞ս է պատկերացնում ադրբեջանական օրենսդրության կիրառումը նրանց նկատմամբ.
4. ինչպե՞ս է ապահովվելու իրավունքների խախտումներ թույլ տվող ադրբեջանական սահմանային ու մաքսային մարմինների պատասխանատվությունն ու պատիժը:
Հ.Գ. Իրականում, ադրբեջանական զինված ծառայողների, իրավապահ մարմինների ներկայութունն ու առավել ևս նրանց արարքները ՀՀ ճանապարհներին անօրինական են (զուրկ են իրավական հիմքերից) ի սկզբանե:
Պետք է ոչ թե հայտարարություններով լեգիտիմացնել նրանց ներկայությունն ու արարքները, այլ աշխատանքներ տանել նրանց հեռացնելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը հայտնել էր․ «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի: Հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի։ Այսինքն, ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր, և այդ աշխատանքները մենք նախապես արդեն սկսել ենք, որպեսզի այդ ուղղությամբ աշխատենք: Բայց քանի որ, ինչպես հայտարարվել է արդեն, պատրաստ է Կապան-Տաթև ճանապարհը, այնտեղից էլ կամ Գորիս, կամ Երևան, կարելի է ասել, անվտանգ շահագործվող ճանապարհ ունենք, այլընտրանքային ճանապարհն այլևս պատրաստ է՝ ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ցանկացած ավտոմեքենայի համար ճանապարհն օգտագործելի է։ Շատ կարևոր է, որ նոր կառուցված ճանապարհ է»։