Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի համատեղ կազմակերպած փորձագիտական առցանց աշխատաժողով տեղի ունեցավ նոյեմբերի 8-ին՝ դատավորի բարեվարքության ստուգումն ու պատասխանատվությունը` արտակարգ (անցումային արդարադատության) պայմաններում. միջազգային փորձն ու ՀՀ-ում իրականացման մեխանիզմների ուսումնասիրության վերաբերյալ։
«1-ին առաջարկը կապված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման վերացման հետ։ Մենք կարծում ենք, որ այս պրակտիկան Հայաստանում պետք է վերացվի, որովհետև գործադիր մարմինը իրավունք չպետք է ունենա միջամտել դատական իշխանության գործունեությանը։ Այս մասին հստակ արձանագրել է նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակած Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության վերաբերյալ միջանկյալ զեկույցում, որը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելմանը պառլամենտի անդամների, դատավորների և դատախազների շրջանում։ Մասնավորապես, այդ զեկույցի եզրակացությունների բաժնում, 78-րդ կետն արձանագրում է հետևյալը․ «Ինչ վերաբերում է դատական համակարգին, ապա արդարադատության նախարարի դերը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներում չի դադարեցվել, և ներկայիս իրավիճակը անհամատեղելի է դատական համակարգի անկախության հետ:
Սա հստակ է և մենք նույնպես կարծում ենք, որ այս լիազորությունը՝ Արդարադատության նախարարի, որը վերջին շրջանում շատ է թմբկահարվում, համատեղելի չէ դատական իշխանության անկախության հետ և պետք է վերացվի։ Իհարկե սա անելով մենք պետք է կարողնանք նաև գործուն մեխանիզմներ ստեղծել, որպեսզի հնարավոր լինի դատավորների կարգապահական վարույթների արդյունավետ քննություն նաև քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների մասնակցությամբ։
2-րդ․ մենք առաջարկում ենք, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական, գնահատման և ուսումնական հարցերով հանձնաժողովների կազմեր պետք է վերանայվեն։
2020 թ.-ի մարտի 25-ին Ազգային ժողովն ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որտեղ հստակ մեխանիզմներ են ստեղծվում դատավորների բարեվարքության գնահատման իրավական հիմքի ապահովմանը հետևյալ ուղղություններով. գույքի ձեռքբերման օրինականության ստուգում և գնահատում, արհեստավարժություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ, անկողմնակալություն (որոշումների կայացում առանց փոխկապակցված սուբյեկտների կամ այլ ազդեցության)։ Ինչ եղավ․ սրա հիմնական բարեփոխման իմաստն այն էր, որ քաղհասարակությունից անձիք մտան այդ հանձնաժողովներ, որը նախորդիվ չկար ու կազմված էր միայն դատավորների կողմից։
Օրինակ՝
- Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որոնցից 6-ը դատավորներ են, իսկ 2-ը՝ ՔՀԿ ոլորտի ոչ դատավոր անդամներ, վերջիններից էլի ընտրում էր Դատավորների ընդհանուր ժողովը,
- Դատավորների գործունեության գնահատման հարցերի հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից, որոնցից 3-ը դատավորներ են, իսկ 2-ը`ՔՀԿ ոլորտի ոչ դատավոր անդամներ,
- Ուսումնական հարցերի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ 2-ը`ՔՀԿ ոլորտի ոչ դատավոր անդամներ։
Քանի որ մենք այնտեղ ներկայացուցիչ ունեցել ենք ու մեր ընդհանուր մասնագիտական քննարկումները ցույց են տվել, որ ՔՀԿ-ներից երկու անդամի ներգրավվածությունը քիչ է, որ այն որևէ ռեալ ազդեցություն ունենա կարգապահական վարույթների իրականացման վրա»,-մանրամասներ ներկայացնելով ասաց Կարեն Զադոյանը։
Ուսումնասիրության արդյունքում ներկայացված դատական ընթացիկ բարեփոխման 7 առաջարկներից հաջորդ 4-ը հետևյալն են․
3-րդ․ Դատավորների բարեվարքության ստուգման մասին խորհրդատվական եզրակացությունների հասանելիության ապահովում.
Դատավորների բարեվարքության ստուգումներ անցկացնելու համար առանձին ընթացակարգ է սահմանվել ԿԿՀ մասին օրենքի 26.1 հոդվածով։ ԿԿՀ-ն պաշտոնատար անձանց բարեվարքության ուսումնասիրություն իրականացնելու օրենքով սահմանված իրավասություն ունի։ Այդ ուսումնասիրությունը ենթադրում է բարեվարքության վերաբերյալ հատուկ մշակված հարցաթերթում ներկայացված տվյալների ստուգում, անձի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած նյութերի, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկատվության վերլուծություն, անձի՝ քրեական ենթամշակույթին պատկանելու հիմքերի ստուգում, գույքի գնահատում և այլն:
Այս փոփոխություններից հետո, ԿԿՀ-ն արդեն իրականացրել է ԲԴԽ-ի, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների, դատախազության ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող ստորաբաժանման դատախազների և այն համակարգող գլխավոր դատախազի տեղեկալի ևթեկնածուների բարեվարքության ստուգում: Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, ԿԿՀ-ն բացասական խորհրդատվական կարծիք էր ներկայացրել թեկնածուներից մեկի վերաբերյալ (թեկնածուն այն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էր): Բացասական կարծիքը ներկայացվեց Ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր պետք է ընտրեին թեկնածուին որպես Սահմանադրական դատարանի անդամ: Չնայած սրան, Ազգային ժողովը հաշվի չառավ ԿԿՀ-ի բարեվարքության ստուգման արդյունքները և պաշտոնատար անձին ընտրեց որպես Սահմանադրական դատարանի անդամ (դատավոր): Բարեվարքության ստուգման վերաբերյալ ԿԿՀ-ի խորհրդատվական եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, այդ եզրակացության մշակման գործընթացը հանրային չէ։ Ընդ որում, ի թիվս այլնի, այդ եզրակացությունը ևս նպաստում է ԲԴԽ-ի կողմից դատավորների թեկնածուների վերաբերյալ որոշում կայացնելուն, երբ ընթանում են նշանակումները։ Այսպիսով, այս խիստ գաղտնիության ռեժիմի դեպքում անհնար է գնահատել այս գործառույթի արդյունավետությունը, իրականացնել արդյունավետ հանրային վերահսկողություն և վերլուծել, թե տրամադրված եզրակացություններից (լինի այն դրական, թե՝ բացասական) քանիսն են հաշվի առնվել որոշումների կայացման ժամանակ և ինչքանով են դրանք ամբողջական տեղեկություններ պարունակում թեկնածուի բարեվարքության վերաբերյալ։
Վերոգրյալի լույսի ներքո առաջարկվում է բարեվարքության ստուգման վերաբերյալ ԿԿՀ-ի խորհրդատվական եզրակացությունները դարձնել բաց և հասանելի հանրության համար, անշուշտ ապահովելով օրենքով նախատեսված անձնական տվյալների գաղտնիությունը՝ հանրամատչելի անձնական տվյալների հաշվառմամբ։
4-րդ. Նոր դատավորների նշանակման միջոցով գործող դատավորների կազմի նորացում․
Տարիներ շարունակ դատական համակարգում դատավորների համալրումները իրականացվել են դատական համակարգում աշխատած անձանց միջոցով (օրինակ՝ դատավորի օգնական, դատական նիստերի քարտուղար, փորձագետ)։ Այս պրակտիկան սահմանափակել է դատական համակարգի հետ առնչություն չունեցող պրոֆեսիոնալ իրավաբանների դատավոր դառնալու հնարավորությունները, նպաստել է դատավորների թեկնածուների միջև մրցակցության նվազեցմանը և ազդել է նոր որակի դատավորներ ունենալու գործընթացի վրա։
Բացի վերը նշվածից, վերջին տարիներին դատարանների ծանրաբեռնվածությունը կտրուկ աճել է։ Կան դատավորներ, ովքեր իրենց վարույթում ունեն հազարից ավել գործեր։ Այս ծանրաբեռնվածությունը չի կարող բացասական չազդել նաև արդար դատաքննության, այդ թվում ողջամիտ ժամկետների և դատական ակտերի որակի վրա։
Վերոգրյալի լույսի ներքո առաջարկում ենք համալրել դատական համակարգը նոր դատավորներով՝ ապահովելով հավասարակշռություն դատական համակարգում աշխատող/աշխատած և դրանից դուրս մասնագիտական փորձառություն իրավաբանների միջև։
5-րդ․ Ավելի վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորության սահմանում (early retirement)․
Դատական համակարգում նոր դատավորների մուտք ապահովելու նպատակով հարկավոր է նաև ավելացնել դատավորների թափուր հաստիքների թիվը դատական տարբեր ատյաններում։ Այս առումով, որպես թափուր հաստիքների թվի ավելացման ցուցիչ պետք է դիտարկել ավելի վաղ կենսաթոշակի անցնելու դատավորների թիվը, որոնց պաշտոնավարմանը մնացել է օրինակ հինգ տարի կամ դրանից պակաս ժամանակ։
Վերոգրյալի լույսի ներքո, առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել ավելի վաղ տարիքից կենսաթոշակի անցնելու հնարավորությունը՝ ապահովելով անհրաժեշտը իրավական և սոցիալական երաշխիքներով։
6-րդ․ Դատավորի անհամատեղելիության լրացուցիչ պահանջների սահմանում․
Նկատի ունենալով ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով կարող են սահմանվել դատավորի անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ, առաջարկում ենք օրենսդրական բարեփոխումների շրջանակներում փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքներում և նախատեսել դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելիության նոր պահանջեր, որոնք կարող են վերաբերվել և գույքային և անձնական կապերին կամ ի հայտ գան այդ կապերի ստուգման արդյունքում։