Տուգանքներ ու պատիժներ՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար

Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար պատիժներ սահմանված են ոչ միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսնգրքով, այլև՝ Քրեական օրենսգրքով։

Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված է․

1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը 200․000 դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսնգրքով էլ սահմանված է, թե ինչ պատիժներ են սահմանված սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները խախտելու համար։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ 42-րդ հոդվածի համաձայն․

Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 10․000-20․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 40․000-120․000 դրամի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 20․000-30․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 100․000-150․000 դրամի չափով:

Նույն օրենսգրքի 43-րդ հոդվածով էլ սահմանված է․

Երկաթուղային տրանսպորտում սահմանված սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Օդային տրանսպորտում սահմանված սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները, հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` մինչև 15․000 դրամի չափով, և պաշտոնատար անձանց նկատմամբ` 50․000-100․000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել