Բողոքի ակցիայի մասնակիցները հարցի դրական լուծման հույս չունեն

Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր: Խաղային ապարատների սեփականատերերը հրաժարվում էին վճարել տարեկան 5 միլիոն դրամ լիցենզավորման համար:

ՀՀ ֆինանսների նախարարությունն այս հարցի շուրջ օրեր առաջ պազաբանում էր ներակայացրել, համաձայն որի «Շահումով խաղերի եւ խաղատների մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` շահումով է համարվում ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ շահման հնարավորություն է ստեղծում: Միաժամանակ օրենքը շահումով խաղերի համար նախատեսում է լիցենզավորման գործընթաց` սահմանելով 5 մլն դրամ տարեկան պետական տուրք:

Հաշվի առնելով փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարողներին ֆինանսական պարտավորություններով չծանրաբեռնելու հանգամանքը` ֆինանսների նախարությունը դեռեւս 2008 թ.-ին է հստակեցրել եւ պարզաբանել, որ խաղային ապարատներում գտնվող որոշ դասակարգչի ծածկագրին դասվող ապրանքատեսակներ չեն դիտարկելու շահումով խաղեր: Դրանք հիմնականում խաղալիքներն են: Մինչդեռ խաղային ապակե արկղերում հայտնվել են նաեւ նշված դասակարգիչներին չդասվող ապրանքատեսակներ` ծխախոտ, հեռախոս եւ այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետեւաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման:

Ակցիայի մասնակիցների խոսքերով՝ իրենք, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն կարող ունենալ այնքան մեծ եկամուտ, որ տարեկան 5 միլիոն դրամ վճարեն լիցենզավորման համար. «Նման գումար պահանջելը դուրս է տրամաբանությունից: Մարդ կա հենց մի հատ ապարատ ունի, տեղեադրել է, որ ընտանիքի մինիմալ հոգսերը հոգա: Չենք կարող միանգամից քսան հատ ապարատ առնենք ու իրար կողք շարենք, քանի որ սա կազինո չէ»:

Վերջիններիս պնդմամբ իրենք արդեն գրանցել են իրենց ապարատները, ստացել համապատասխան արտոնագիր ու նոր իմացել, որ նման օրենք է գործում. «Մենք մի տարվա կամ մի քանի ամսվա գումարներն արդեն վճարել ենք: Երբ մեզ արտոնագիր էին տալիս, հարկայինը գիտեր, որ այդ ապարատներում պետք է նաև սիգարետ լինի: Հիմա 5 միլիոն դրամ են ուզում ու պահանջում, որ քաղաքից 16 կիլոմետր հեռու լինի: Իմ ապարատը Գյումրիում է, քաղաքից 16 կիլոմետր հեռու չոլ կլինի, որպես ի՞նչ դնեմ»:

Ակցիայի մասնակիցները գրավոր դիմում են ներկայացրել Ֆինանսների նախարարություն, բայց մինչ այսօր նրանք պատասխան դեռևս չեն ստացել: Նախախարությունից նրանց տեղեկացրել են, որ 10-ը օրվա ընթաքում կստանան իրենց դիմումին պատասխան: Այսօր Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ պատասխանը պատրաստ կլինի միայն օրվա վերջում:

Ակցիայի ժամանակ Կառավարության դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը հանդիպեց մասնակիցների հետ և ասաց, որ իրենք դիմել են Ֆինանսների նախարարությանը և տասնօրյա ժամկետում օրենքի սահմաններում իրենց հուզող հարցի պատասխանը կստանան:

Ակցիայի մասնակիցնեը նշեցին, որ իրենք որևէ հույս չունեն, որ այս հարցը որևէ դրական լուծում կստանա, պարզապես փորձում են այնպես անել, որ չգնան Հայաստանից, այլ մնան ու կարողանան այստեղ աշխատել. «Եթե չեն թողնում աշխատենք, ուրեմն թող մեզ աշխատատեղով ապահովեն: Մենք այս ապարատները վարկով ենք առել, պարտքով, բայց արդեն 18 օրա չենք աշխատում: Որ գա վարկի վճարման ժամանակը, բանկը չի սպասելու մեզ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել