Արմավիրի մարզի Արգինա գյուղի բարձրադիր հատվածում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հուշաղբյուր է կանգնեցվել՝ ի հիշատակ 3 հերոսների՝ Անդրանիկ Գրիգորյանի, Գնել Ֆիդանյանի և Եղիշե Մարգարյանի։ Մեկ տարի առաջ այս օրն է Ջրականում զոհվել է Անդրանիկ Գրիգորյանը։
Զոհվածների հարազատները պատմում են, որ 2 եղբայրներին զինվորական կոմիսարիատից ծանուցագիր էր եկել: Գևորգը պատերազմ է մեկնել սեպտեմբերի 28-ին, ավագ եղբայրը՝ Անդրանիկը, սեպտեմբերի 30-ին գնացել է նրա հետևից, թեև հարազատները նրան հետ պահելու փորձեր են արել:
«Տան պատերը, անգամ բակը Անդրանիկի ձեռքերի դրոշմն են կրում: Անդրանիկն իր ուզածով, իր ճաշակով էր կառուցել հայրական տան մուտքը, սենյակները ձևավորել էր իր նկարներով: Մանկավարժական համալսարանի շրջանավարտ էր, նկարիչ։ Նշանված էր»,-նշում են հարազատները։
Ըստ նրանց՝ գումարտակի հրամանատարը վիրավորներին տարհանել է մարտի դաշտից՝ ուղարկելով բուժօգնության, սակայն Անդրանիկի ստացած վնասվածքը կյանքի հետ անհամատեղելի է եղել։
«Անդրանիկը պիտի շարունակեր արվեստով զբաղվել, բայց նրա վրձնի գործը հետմահու ցուցադրվեց Էջմիածնում: Թուրքիայի սահմանին շատ մոտ՝ Արգինայի գերեզմանատանը հանգչում են երեք հերոսները։ Երեքի ու հազարավոր տղաների վրեժը լուծված չէ»,-ասացին նրանք։



