«Ես Սուգովուշանում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ օկուպացված Մատաղիս (Սուգովուշան) գյուղ այցելության ժամանակ:
Նրա խոսքով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և իր նմանները պատերազմում պարտվող կողմն են, այժմ նա պարտության համար ցանկանում է մեղադրել Փաշինյանին: Երկրի ղեկավարը նաև հիշեց, որ Հայաստանի նախկին նախագահ Սարգսյանը դասալիքների թվում էր:
«Դասալիքների ցանկում է նաև ՀՀ նախկին նախագահ Սերժիկ Սարգսյանը … Երբ նա տեսավ, որ ադրբեջանական բանակն արդեն մոտենում է Խանքենդիին (Ստեփանակերտ) և կարող է բռնել նրա ականջից և բերել Բաքու, նա վախկոտի պես փախավ այնտեղից՝ դասալիքի նման: Ես նրան Սերժիկ եմ անվանում ոչ թե այն պատճառով, որ ուզում եմ նվաստացնել նրան, այլ որովհետև մեր արխիվները պարունակում են տեղեկություններ, որ նրա ծննդյան վկայականում՝ Կոմսոմոլի տոմսում, նա նշված է որպես Սերժիկ Սարգսյան: Հետագայում նա փոխել է իր անունը և դարձել Սերժ, կարծես դա ընդունելի անուն էր», – ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։