Մեկ տարի, անհիմն կերպով, չհետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, ՀՀ-ում արգելված են եղել դիահերձումները, բժշկագիտության զարգացումը, մահվան պատճառների ուսումնասիրությունը։ Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կորոնավիրուսային իրավիճակին վերաբերող լսումների ժամանակ հայտարարեց բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Սամվել Գրիգորյանը։
«ԱՀԿ-ն երբեք ցուցում չի տվել չդիահերձել COVID-ով հիվանդներին։ Հստակ են արդյոք ուղեցույցները, խորհուրդներ կան, թե ինչպես պետք է դիահերձել։ Նախարարությունը օրենսդրական արգելք է դրել դիահերձումների վրա՝ չունենալով ապացուցողական հիմք։ Գրեթե 5000 մարդու հարազատի հնարավորություն չի տրվել հավուր պատշաճի հոգեհանգիստ իրականացնել, քրիստոնեական կարգով, բաց դագաղով։ Մարդիկ լրացուցիչ ծախսեր են արել փակ դագաղների համար և դիահերձարանից անմիջապես վերցրել են դիակը ու տարեկ հուղարկավորության։ Այս ամենի տակ որևէ գիտական հիմք չկա»,-նշեց Գրիգորյանը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը լսումների այս հատվածում ներկա չէր և չկարողացավ պատասխանել բժշկի պնդումներին։