Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Երևանի համար 122 դպրոցի արդեն նախկին տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ դատարանը հաստատել է նաև Մալախյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը և վերջինս ազատ է արձակվել։
5-օրյա ժամկետում որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, դպրոցի ուսուցչուհիներից մեկը մամուլին տրամադրել էր ձայնագրություն իր և տնօրենի մասնակցությամբ կաշառք տալու ու ստանալու վերաբերյալ:
Մելինե Հակոբյանի և տնօրեն Մարինա Մալախյանի խոսակցության ձայնագրությունում նշվում էր, որ ուսուցչուհին աշխատանքի է ընդունվել 1500 դոլար վճարելու շնորհիվ, իսկ հետո էլ աշխատավարձի մի մասն է պարբերաբար տվել տնօրենին:
Փաստի առիթով հարուցված է քրեական գործ՝ կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության մասին հոդվածներով:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Մարինա Մալախյանին Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի ղեկավարի իրավունքի հավաստագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ հրաման է ստորագրել: