Սեպտեմբերի 12-ին Փաստաբանների պալատում տեղի է ունենալու նախագահի ընտրություններ։ Ընտրության կապակցությամբ գրանցված թեկնածուներն են Գևորգ Գյոզալյանը և Սիմոն Բաբայանը, իսկ Թամարա Գևորգյանը ինքնաբացարկ է ներկայացրել Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, կազմակերպվել էր բանավեճ։
Սիմոն Բաբայանը՝ ներկայացնելով իր ծրագիրն, ասաց որ իր կարգախոսն է․ «Պահպանել և զարգացնել»։ Ըստ նրա՝ պետք է պահպանել Փաստաբանների պալատի ձեռբերումները։
Փատաբան Գևորգ Պարունակյանը հարց ուղղեց նախագահի թեկնածու Սիմոն Բաբայանին նշելով, որ իրենց համայնքը տարեկան համալրվում է շուրջ 140 նոր փաստաբաններով, կա զբաղվածության խնդիր, ի՞նչ լուծում է առաջարկուն Սիմոն Բաբայանը։
«Այս առումով մենք խնդիր չունենք, կան ստանդարտներ։ Փատաբանների քանակի սահմանափակման խնդիր չունենք և դրա իրավունքն էլ չունենք, որովհետև սա ազատ մասնագիտություն է։ Մենք կարող ենք կրթական, մասնագիտական պահանջները բարդացնել»,-նշեց ՓՊ նախագահի թեկնածու Սիմոն Բաբայանը։
Նրան հարց ուղղեց նաև նախագահի մյուս թեկնածուն՝ Գևորգ Գյոզալյանը․ «Մի քանի Փաստաբանների պալատ ունենալու միտքը դուք համարում եք պառակտիչ։ Ես անհիշելի ժամանակներից հակված եմ դրան, եթե, օրինակ՝ 200 փաստաբան որոշում են ստեղծել իրենց պալատը, իրենց անդամավճարների հաշվին առաջ տանեն իրենց մասնագիտական գործունեությունը, դուք նրանց կհամարե՞ք պառակտիչներ»։
Սիմոն Բաբայանը նշեց, որ փաստաբանական ինստիտուտը պառակտելուն ուղղված գործողությունները արդարացի չեն և ճիշտ չեն։
«Մենք այստեղ խնդիր ունենք միջազգային ընկալման տեսանկյունից։ Մեր գործընկերներն ընկալում են մեր համայնքը, որպես միասնական կառույց»,-նշեց նա։
Գևորգ Գյոզալյանն անդրադարձավ Սիմոն Բաբայանի քաղաքական գործունեությանը, հիշեցնելով նրան, որ ստորագրել է մի հայտարարության տակ, որով պահանջվում էր վարչապետի հրաժարականը։
«Դուք ասում էիք՝ վարչապետի թիմը կրթական ոլորտում է ձախողել, հողերն է տվել և այլն։ Դուք այս պահին այդպես կարծո՞ւմ եք և եթե այո, ապա ինչպե՞ս եք նրանց հետ համագործակցելու»,-նշեց նա։
Սիմոն Բաբայանի խոսքով՝ դա իր մասնավոր գործունեության արդյունքն է։
«Բանակցային գործընթացը ինստիտուցիոնալ տիրույթի է և այստեղ ես չեմ կարծում, որ մենք խնդիր ունենք։ Չեմ կարծում, որ իշխանությունը այդ հանգամանքով է կաշկանդված։ Ես դա հնչեցրել եմ, որպես փաստաբան Սիմոն Բաբայան։ Դա կապել իմ մասնագիտական գործունեության հետ, իմ կարծիքով անհրաժեշտ չէ»,-նշեց Սիմոն Բաբայանը։
Արձագանքելով պատասխանին՝ Գևորգ Գյոզալյանն ասաց․ «Փաստաբանների պալատի նախագաի պաշտոնում նման հայտարարություններ կանե՞ք»։
Սիմոն Բաբայանն ասաց, որ ՀՀ-ում յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր դիրքորոշումն հայտնել առկա իրավիճակի վերաբերյալ։
«Հետագայում, եթե առիթներ լինեն, մենք կհասկանանք, անհրաժեշտություն կա նման հայտարարությունների, թե՞ ոչ»,-հավելեց նա։
Կարդացեք նաև՝
- Փաստաբանների պալատի հաջորդ նախագահը «նախարարություն» է ժառանգելու․ Գևորգ Գյոզալյան
- Փաստաբանների պալատը բավականին լավ վիճակում է հանձնվում պալատի հետագա նախագահին․ Սիմոն Բաբայան