Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական սարքավորումներով, նյութերով և սննդամթերքով բեռնված մեքենաների շարասյան անվտանգ տեղափոխումը։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռազմական ոստիկաններն ուղեկցել են Շուշի-Կարմիր շուկա երթուղով մոտ 50 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան տեղաշարժը նաև հետադարձ ուղղությամբ։
«Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է մեծ ուշադրություն մեքենաների վարորդների և ուղեկցորդների կողմից: Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է, մոտ 50 միավոր տեխնիկա է ուղեկցվել երկու ուղղություններով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Կրապիվան:
Երթուղուն հետևելիս ավտոշարասյունը հատել է հինգ դիտակետեր, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում:
Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: