Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում, Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել գերծերի իրական վիճակը: Այս մասին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։
«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, կարծում ենք, որ դա բոլորովին սխալ է: Եվ մենք պատրաստ ենք՝ բացատրելու մեր թուրք գործընկերներին, ինչպես և այլ երկրներին, գործերի իրական դրությունը՝ կապված ռուսական այդ շրջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:
Նա նշել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ընդհանուր առմամբ կրում են գործընկերային բնույթ։
Ըստ Պեսկովի՝ Ղրիմի թեման էական տարաձայնությունների ոլորտներից է։
Հիշեցնենք, որ Մևլութ Չավուշօղլուն՝ «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովից առաջ ասել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի սահմանների ամբողջականությունը, երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի անեքսիան:
ԱԳ նախարարը շեշտել է, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու Ղրիմի թաթարների իրավունքներին ցուցաբերվող աջակցությունը ցույց տալու համար:
«Մենք անընդհատ կրկնում ենք, որ մենք երբեք չենք ճանաչել և մտադիր չենք ճանաչել Ղրիմի բռնակցումը: Բայց դրա մասին խոսելը բավական չէ: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ղրիմի և Ուկրաինայի սահմանների տարածքային ամբողջականությանն ու անձեռնմխելիությանը», – ընդգծել է Չավուշօղլուն: