Առնվազն 20 մարդ է մահացել Քաբուլի օդանավակայանում

Առնվազն 20 մարդ է մահացել վերջին շաբաթվա ընթացքում Քաբուլի օդանավակայանում տարհանման ժամանակ: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ կիրակի հաղորդել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ՆԱՏՕ -ի ներկայացուցչին:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ -ն և այլ երկրներ գործողություններ են իրականացնում իրենց քաղաքացիներին և ապաստան փնտրող Աֆղանստանի քաղաքացիներին տարհանելու համար, սակայն այս գործընթացը բարդանում է նրանով, որ Քաբուլի օդանավակայանում օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են լքել երկիրը:

«Մեր ուժերը խիստ հեռավորություն են պահպանում Քաբուլի օդանավակայանի արտաքին տարածքներից ՝ թալիբների հետ բախումներից խուսափելու համար», – ասել է ՆԱՏՕ -ի ներկայացուցիչը: «Մենք կենտրոնացած ենք բոլոր օտարերկրյա քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետներում տարհանելու վրա»,- ասել է նա:

Նշենք, որ «Թալիբան» շարժման գրոհայինները օգոստոսի 15 -ին մտել են Քաբուլ առանց կռվի և մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի վրա: Աֆղանստանի նախագահը հայտարարել է, որ հրաժարական է տվել արյունահեղությունը կանխելու համար և լքել է երկիրը: Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին եւ դեսպանատան աշխատակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել