Կառավարությունը օգոստոսի 18-ին որոշում ընդունեց վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին։
Վարժական հավաքները կանցկացվեն օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։
Կառավարությունը որոշեց․
1․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:
2․ Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
3․ Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
4․ Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
5․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վարժական հավաքներ անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող համապատասխան մարմիններին:
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ
Հ/հ | Տրանսպորտային միջոցի տեսակը | Քանակը (միավոր) | Ծանոթ. |
1. | Կողավոր (անձնակազմ տեղափոխելու համար) | 50 | |
2. | Կողավոր | 19 | |
3. | Կողավոր ( մինչև 5 տոննա) | 7 | |
4. | Կողավոր (ոչ պակաս 5 տոննայից) | 20 | |
5. | Ուղևորաբեռնատար բարձր անցանելիությամբ | 1 | |
6. | Քարշակ | 6 | |
7. | Ավտոցիստեռն | 1 | |
8. | Ավտովառելիքալցավորիչ | 2 | |
9. | Ջրի ավտոցիստեռն | 1 | |
10. | Սանիտարական | 3 | |
Ընդամենը | 110 |
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:
Նշված է նաև , որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածու-թյամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավվումը: Այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին մարտական հերթապահության կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ: Գործընթացն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 22.07.2010թ. N 998-Ն և 18.10.2018թ. N 1174-Ն որոշումների համաձայն:
Որոշման ընդունման կապակցությամբ առաջանում են լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն՝ 3 027 611 000 ՀՀ դրամ չափով: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: