Ռուսական ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել հայկական զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխմանը: Այս մասին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է ՀՀ Պն Արշակ Կարապետյանին: Հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Մենք շատ ենք կարևորում ռազմական ոլորտում մեր համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ծրագրի իրականացմանը: Դա հեշտ գործ չէ, բայց ես կարծում եմ, որ ձեր փորձով դա հնարավոր կլինի», – ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է, և իրենք չափազանց շահագրգռված են այս տարածաշրջանում կայունության պահպանմամբ:
Շոյգուն շնորհավորել է Կարապետյանին նշանակման կապակցությամբ՝ նշելով, որ այն տեղի է ունեցել «դժվար ժամանակաշրջանում, երբ երկրի պաշտպանական ոլորտը բարեփոխելու դժվարին խնդիրներ կան»:
Կարապետյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել Շոյգուին՝ Հայաստանի Զինված ուժերի մարտունակության վերականգնման, զորքերի վերազինման պատրաստակամության համար:
«Ռուսաստանը միակ պետությունն է, որն ապահովում է հայ ժողովրդի անվտանգության իսկապես շոշափելի արտադրանք և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններում: Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,-ասել է Կարապետյանը: