Վրաստանի սևծովյան քաղաքում՝ Բաթումիում, հանգստացողներին կոչ են անում ծովափի տարածքով քայլելիս պահպանել կորոնավիրուսի կանոնները: Համապատասխան հայտարարությունն այսօր հրապարակել է Բաթումիի բուլվարի վարչակազմը:
Այս մասին հայտնում է «Jnews.ge»-ն։
Հայտարարության մեջ թվարկված են այցելուների համար առաջարկություններն ու կանոնները.
Կրե՛ք դիմակներ փակ տարածքներում և մարդաշատ վայրերում,
Խուսափե՛ք խմբային հավաքներից,
Հնարավորինս պահպանե՛ք սոցիալական հեռավորություն,
Մասնակցե՛ք համընդհանուր պատվաստման գործընթացին:
Բացի այդ, մասնավոր ձեռնարկատերերին, որոնց օբյեկտները գործում են բուլվարի տարածքում, կոչ են անում «հնարավորինս վերահսկել իրավիճակն իրենց տարածքում» և պահպանել Վրաստանի իշխանությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից սահմանած կանոնները:
«Մենք նաև դիմում ենք այն այցելուներին, ովքեր ամեն օր օգտվում են զբոսայգու տարածքից։ Խուսափե՛ք զանգվածային հավաքներից, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը», – ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 3 780 նոր դեպք, որից 628-ը՝ Աջարիայում: Համաճարակաբանները կարծում են, որ կորոնավիրուսի նոր՝ ավելի վարակիչ շտամների հետ մեկտեղ, զանգվածային հավաքները նույնպես դարձել են երկրում դեպքերի աճի գլխավոր պատճառը: