Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Մարդկանց առևտրի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով իր ուղերձում 2021թ. հուլիսի 30-ին հայտարարել է, որ միգրանտները կազմում են մարդկանց առեւտրի զոհերի ավելի քան կեսը տարածաշրջանների մեծ մասում, եւ կոչ է արել կառավարություններին շտապ միջոցներ ձեռնարկել կանխարգելման ուժեղացման, զոհերին աջակցման եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Այս մասին հայտարարված է ՄԱԿ պաշտոնական կայքում։

«Համավարակը ծայրահեղ աղքատության է մատնել եւս 124 մլն մարդու։ Արդյունքում՝ շատերը դարձել են մարդկանց առեւտրի զոհեր։ Երեխաները ենթարկվում են հսկայական աճող ռիսկի. նրանք կազմում են զոհերի մեկ երրորդը ամբողջ աշխարհում՝ թիվ, որը վերջին 15 տարիներին եռապատկվել է։

Զոհերի կեսը եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում երեխաներ են, որոնց վաճառում են հարկադիր աշխատանքի համար։ Հանցագործներն ամենուր օգտագործում են տեխնոլոգիաներ խոցելի մարդկանց հայտնաբերելու, վերահսկելու եւ շահագործելու համար։

Կանանց եւ աղջիկների վաճառքը սեռական շահագործման նպատակով նախկինի պես մարդկանց առեւտրի առավել տարածված եւ զզվելի ձեւերից է։ Միգրանտները կազմում են մարդկանց առեւտրի բոլոր զոհերի ավելի քան կեսը տարածաշրջանների մեծ մասում։

Միավորված Ազգերի Կազմակերպությունը լի է վճռականությամբ՝ լսելու զոհերի եւ անձանց ձայնը, ովքեր եղել են մարդկանց առեւտրի զոհ, եւ դասեր քաղել դրանից այդ ահավոր հանցագործության կանխման եւ դադարեցման մեր պայքարում»,- ասվում է ուղերձում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել