Եթե այսօրվա ՍԴ-ն որևէ ազդեցություններ ունի, ապա դրա ամենալավ դրսևորումը հենց մարտի 1-ի գործով դրսևորումն էր․ Տիգրան Եգորյան

Սահմանադրական դատարանը այսօր՝ հուլիսի 17-ին, դռնբաց նիստում հրապարակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը։

Որոշման հրապարակումից հետո փաստաբան, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե դիմող կողմի պնդմամբ՝ ՍԴ որոշումը քաղաքական ճնշման ներքո է կայացվել, ասաց․

«Լուրջ չեմ վերաբերվում այդպիսի պնդումներին: Այսօրվա ՍԴ-ն, եթե որևէ ազդեցություններ կամ կողմնորոշումներ ունի, ապա դրա ամենալավ դրսևորումը հենց մարտի 1-ի գործով դրսևորումն էր, այնպես որ այդպիսի ազդեցությունների կամ կողմնորոշումների մասին դատողությունները լուրջ չեն։

Որոշումն ինքնին սպասելի էր։ Սակայն, ինչպես ասացի, այս որոշման արժեքը ոչ թե դիմումների մերժումն է, այլ այն իրավական դիրքորոշումները, որոնք ՍԴ-ն կարտահայտի տարբեր կարևորագույն ընտրական իրավունքի հիմնախնդիրների վերաբերյալ. դա է լինելու արժեքը այս որոշման, որի մասին արդեն հրապարակումից հետո կկարողանանք խոսել։

Ես ընդհանրապես չեմ դիտարկել որեւէ այնպիսի ճնշում, ինչպիսիք դիտարկում էին նախորդ ողջ ժամանակաշրջանում, այդ 20 տարիների կամ առնվազն իմ 12 տարիների պրակտիկայի ընթացքում եւ որոնց մասին մենք բարձրաձայնել ենք։

Քոչարյանի գործով աձամբ ես, որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, 4 տարբեր առիթներով և բազմաթիվ հիմքերով ներկայացրել եմ դատարանի կազմից 7-ի գործի քննությանը մասնակցելու անհնարինության միջնորդությունները՝ պայմանավորված նրանց՝ այդ գործով և Քոչարյանի նկատմամբ կոնկրետ կողմնորոշում ունենալու հիմքով»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ ՍԴ դատավորներից 7-ը Քոչարյանին վերաբերող գործերով չեն կարող լինել անկողմնակալ դատավոր։

«Հետևաբար՝ եթե մենք խոսում ենք ազդեցության կամ կողմնորոշման մասին, դա ավելի շատ դեպի դիմող կողմն է՝ Քոչրայանը, ուղղակի տարբերությունը միակ այն է, որ այս գործի նշանակությունը, կարևորությունը, դրա կապակցությամբ այդպիսի ակտ կայացնելու համարձակությունը շատ ավելի բարձր է, քան, օրինակ, դա գնահատվեց Քոչարյանի գործով։

Ի վերջո, այստեղ 1 միլիոն անձի քվեարկության հարց է։ Այսինքն՝ այդ կախվածությունը չբավարարեց՝ կամք ձևավորելու համար»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել