Սահմանադրական դատարանը այսօր՝ հուլիսի 17-ին, դռնբաց նիստում հրապարակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը։
Որոշման հրապարակումից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց․
«Որոշումը կանխատեսելի էր, Սահամանադրական դատարանի նկատմամբ քաղաքական ճնշումները՝ պարզ և հստակ։ Այսինքն՝ եկեք պատկերացնենք մի բան, 9 դատավորներից յուրաքանչյուրը պատկերացնում էր, որ իշխանությանը դեմ գնալու դեպքում իրենց կարող է փռեն ասֆալտին, կտրեն մատները, վենդետա լինի և այլ բոլոր մյուս տերմինները։
Կարելի է ասել՝ ՍԴ-ն այս պարագայում չունեցավ խիզախություն՝ կայացնելու ճիշտ որոշում, որն ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին էր, բայց դրանից իրավիճակը չի փոխվում։ Դուք բոլորդ տեսք նիստի ընթացքը, նիստում քննարկված հարցերը, հակափաստարկների բացակայությունը, որից ոչ մի իրողություն չի կարող փոխվել ՍԴ իրավական փաթեթեվորմամաբ, քաղաքական հրահանգով կատարված որոշմամբ։
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս իշխանությունը չունի ժողովրդի կողմից վստահությունը։ ՍԴ-ն ԿԸՀ-ի հետ միասին և քաղաքական իշխանության հետ միասին աշխատելով, նման որոշումներ ընդունելով իրավիճակ չեն փոխելու։ Վստահությունը այն, որ տվյալ դեպքում չկա, ՍԴ-ով չի կարող հայտնվել կամ հակառակն ապացուցվել։
Եվ ի՞նչն էր կարևոր՝ կարծում եմ, իսկապես, թե՛ մեր ելույթները, որոնք դուք տեսաք, թե՛ առհասարակ հակափաստարկների բացակայությունը և նաև թույլ տվեք այսպես էլ ձևակերպեմ, իրավական բանավեճի մակարդակը»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։
Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: