Ամենևին անակնկալ չէր մեզ համար․ Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ որոշման մասին

Սահմանադրական դատարանը այսօր՝ հուլիսի 17-ին, դռնբաց նիստում հրապարակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը։

Որոշման հրապարակումից հետո «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց․

«Կարծում եմ՝ ամենևին անակնկալ չէր մեզ համար, ինչի մասին և հայտարարել եմ եզրափակիչ խոսքումս, որովհետև ակնհայտ էր, թե պրոցեսն ինչպես է վարվում։ Որոշումն իրավական է, սակայն քաղաքական ազդեցության տակ ընդունված»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն որոշեց ԿԸՀ-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնել ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահին։

Նշենք նաև, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» ուժերը: Նրանց դիմումները քննարկվում էին մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող էր նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես էր գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ էին ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել