Լավրովը մեկնաբանել է Էրդողանի օկուպացված Շուշի կատարած այցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում:

Այս մասին Անթալիայում իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի Շուշի այցը:

«Այսօր մենք պայմանավորվեցինք Մևլութ Չավուշօղլուի հետ, որ բոլորը պետք է օգտագործեն իրենց հնարավորությունները՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, պայմաններ ստեղծել ադրբեջանցիների և հայերի համար, որպեսզի նրանք լավ ապրեն այս հողի վրա: Այդ դեպքում մենք համոզված ենք, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, ավելի հեշտ են լուծվում:

Կրկնում եմ, մեր համագործակցության լրացուցիչ ոլորտը տրանսպորտի, կապի և տնտեսական կապերի վերականգնումն է այս տարածաշրջանում: Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը տարածաշրջանի զարգացման համար «3 + 3» համագործակցության պլատֆորմի վերաբերյալ դրական արձագանքի է արժանացել: Այս մասին այսօր էլ խոսեցինք:

Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք գոհ ենք ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման արդյունավետ համագործակցությունից», -նշել է Լավրովը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել