Բաքուն և Անկարան կօգնեն միմյանց 3-րդ պետության կողմից սպառնալիքի դեպքում

Այսօր օկուպացված Շուշիում ստորագրված «Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունների մասին» հռչակագրով հատուկ տեղ է հատկացվում քաղաքական, ռազմական և անվտանգության ոլորտներում համակարգված և համատեղ գործունեության խթանմանը Ադրբեջանի և Թուրքիայի միջև։

Նշվում է, որ կողմերից որևէ մեկի միջազգային, ճանաչված սահմանների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ ուղղված երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում նախատեսվում է անցկացնել համատեղ խորհրդակցություններ, իրականացնել նախաձեռնություն, որը համահունչ է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին։ Միմյանց անհրաժեշտ օգնություն է տրամադրվելու՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, զինված ուժերի ուժային և վարչական կառույցների համակարգված գործունեության կազմակերպման։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը, եղբայրական Թուրքիայի աջակցությամբ, գրավեց Լեռնային Ղարաբաղը։

«30 տարի շարունակվող բանակցությունները զրոյական արդյունք են տվել: Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ կա կամք, համառություն, ուժ և այնտեղ, որտեղ կա արդարություն, ամեն ինչի կարելի է հասնել: Բնականաբար, Ադրբեջանը, ոգեշնչված այն փաստից, որ ունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան, կատարեց իր պատմական առաքելությունը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, վերականգնեց արդարությունը, վերականգնեց տարածքային ամբողջականությունը », – նշել է նա։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել