Ադրբեջանը հերքել է Կութ գյուղում տեղի ունեցած միջադեպը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպը՝ որակելով «սադրանք»։ Տարածած հայտարարության մեջ նշել են, որ  սահմանին հանգիստ իրավիճակ է։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որում ասվում էր․

«Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին։ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ  Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում տեղի է ունեցել միջադեպ։ Ադրբեջանցի զինվորները կրակել են գյուղի հովվի վրա։

Իրավաբան․net-ը կապ էր հաստատել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ բնակավայրի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի հետ, ով ասել էր․ «Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև համ խառն ենք, համ էլ հաստատ չգիտեմ, հլը հովիվը տեղ չի հասել, անասուններն էլ չեն հասել, որ իմամանք՝ ինչ է եղել, ոնց է եղել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել