«Աստված ժառանգություն է տվել մեզ մի փոքրիկ երկիր, սա ժառանգություն է, ինչպես որ ժառանգություն է մեզ մեր ընտանիքը։ Աստված հրահանգել է, որ մենք պահպանենք այն։ Երբ անիրավ թշնամին սադրանք է հրահրում և պատերազմ է սանձազերծում մեր երկրի դեմ, այն ժամանակ եկեղեցին դառնում է բանակ, ազգը դառնում է բանակ և բոլորս դառնում ենք բանակ, հոգևորականներն էլ դառնում են զինվոր և նվիրագրվում ենք այս սուրբ և նվիրական առաքելությանը»,-ասաց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը։
Նրա խոսքով՝ երբ երկրին վտանգ է սպառնում և այդ վտանգը հրահրել են հակառակորդները, պետք է վնասազերծել թշնամուն, անգամ կյանքից զրկելու միջոցով, դա պատվիրան է և պետք է սրբորեն պահել, դա միանշանակ մեղք չէ, որովհետև այդ կերպ պահպանում են երկիրը։
Տեր Վարազդատն ասաց, որ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը որպես կառույց գոյություն ունի արդեն 23 տարի և բանակում սպասավորում են մոտ 5 տասնյակ գնդերեցներ։
«Որքանո՞վ ճիշտ կլինի, երբ որ գնդերեցը խաղաղ պայմաններում իր զինվորի կողքին է, մարտական հենակետում իր զինվորի կողքին է, զինվորի հետ միասին է ճաշում, հանկարծ պատերազմ եղավ՝ չկա գնդերեցը, չկա նման բան»,-ասում է քահանան։
Նրա խոսքով՝ հոգևոր առաջնորդության ներկայությունը զորամասերում հնարավորություն է տվել կանխել բազմաթիվ ինքնասպանության փորձեր, քանի որ զինվորը կարող է չվստահել սպային, բայց գնդերեցին վստահում են անգամ անձնական գաղտնիքներ։
Քահանան նշում է, որ Վեհափառի իմաստությամբ ինչ-որ կերպ փրկել են Դադիվանք վանական համալիրը, սակայն թշնամին արդեն մի քանի կիրակի է խոչընդոտում է հայ ուղտավորների մուտքը վանական համալիր։
«Ադրբեջանցիներն ամեն ինչ անում են, որպեսզի մեր հոգևորականներն ինքնակամ լքեն վանքը, փորձում են Ուդի հոգևորականներ բերել այնտեղ և հրահրել ինչ-որ կռիվներ, բայց մեր հոգևորականները տեղի չեն տալիս։ Մենք հասնելու ենք նրան, որ մեր վանքերը ազատագրվելու են թուրքերի ոռնոցներից և այնտեղ կատարվող վայրագություններից»,-ասաց քահանան։
Մանրամասները՝ տեսանյութում