Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին. ՊՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվել են նաև այսօր։ Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը՝ իրադրության հետագա սրման և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար, առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից և վերադառնալ իրենց ելման դիրքեր։

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

«Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը, մայիսի 16-ին, ժամը 14։00-ին։

Բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինվորականները փորձել էին դիրքերի առաջխաղացման գործողություններ իրականացնել, այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել։

Հիշեցնենք, որ երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից։

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են»,-նշված է ՊՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել