Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք․ Մակրոնի հայերեն գրառումը

Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայերեն գրառում է կատարել Էմանուել Մակրոնը։

«Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետևանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:

Ֆրանսիայի նախագահն իր զորակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին՝ խնդիրը խաղաղ կարգավորելու գործում: Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին մեր երկրի ու հայ ժողովրդի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու և բարեկամական վերաբերմունք արտահայտելու համար:

Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում ևս իր նպաստը բերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել